Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի 18-ամյա բնակիչ Արևիկ Բաբաջանյանը 2013 թվականի նոյեմբերի 15-ին Ոստիկանության Դիլիջանի բաժնում սուտ մատնություն է տվել, թե իր ծանոթ, համաքաղաքացի 24-ամյա Գևորգ Սահաբալյանը Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «ԷՍ ՎԵ» հյուրանոցային համալիրում, բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Փաստի առթիվ հարուցված քրգործը մակագրվել Բերդի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանին:
Արևիկի շահերի պաշտպանն է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ղալումյանը:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, քննելով գործը՝ դատարանը վճռեց Ա. Բաբաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով) և նրան դատապարտել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվելու` փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:
Դատարանը որոշեց նրա նկատմամբ ընտրված «Հսկողության հանձնելու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման իր բնակության վայրի ստորաբաժանմանը:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Այն չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով: