Տարբեր տարիներին հունիսի 28-ին տեղի են ունեցել հետաքրքիր իրադարձություններ: 1970թ.-ին Երևանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։
Սկզբում դա կրկեսային համար էր հիշեցնում, և ոչինչ չէր խոսում սպասվող փորձանքի մասին: Անգամ այսօր՝ շատ տարիներ անց, հստակ հայտնի չէ, թե այն ժամանակ իրականում ինչ պատահեց բարեհոգի Վովային և ինչը դարձավ դրամայի պատճառ:
Վովա փղի հայրենիքը Հնդկաստանն էր: Երբ նա դարձավ մեկ տարեկան, նրան տեղափոխեցին Խորհրդային Միություն: Սկզբում փղիկը ժամանակավոր ապաստան գտավ Ռուսաստանում, հետո՝ Ուկրաինայի կենդանաբանական այգիներից մեկում: Նրա վերջին օթևանը նմանատիպ այլ հաստատություններից տարբերվում էր նրանով, որ իր տարածքում կրկեսային ներկայացումներ էին կազմակերպում, և Վովան դրանց անփոփոխ մասնակիցն էր դարձել:
Սակայն առանձնահատուկ արտիստական տվյալներով նա օժտված չէր, և որքան էլ նրա հետ ջանասիրաբար պարապեր վարժեցնող Իվան Շչերբանը, նա սովորեց կատարել միայն ամենատարրական վարժությունները: Բայց այդ ընթացքում Իվանն այնպես կապվեց կենդանու հետ, որ մշտապես իր հետ հյուրախաղերի էր տանում և փորձում համոզել կենդանաբանական այգու ղեկավարությանը, որ ավելի լավ կրկեսային արտիստ անհնար է գտնել: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, կենդանաբանական այգուն առընթեր կրկեսը դադարեց գործել, իսկ կենդանիներին շտապ բաշխեցին Խորհրդային Միության տարբեր քաղաքներով: Ուկրաինայում մնաց միայն Վովան. մեծ չափերի պատճառով նրան չհաջողվեց ժամանակին տեղափոխել:
Նման հսկայի տեղափոխման համար մեծ բեռնատարության տրանսպորտային միջոց էր պահանջվում, որը սկսված պատերազմի պայմաններում դժվար էր գտնել: Փղերի ժամանակը չէր: Բայց Ուկրաինան պետք էր շտապ լքել, և Իվանն իր սանի հետ ոտքով շարժվեց դեպի հարավ: Նրանք միասին երկար ճանապարհ անցան, բազում ցուրտ ու սոված օրեր, անքուն գիշերներ ապրեցին: Կայաններից մեկում այդ տարօրինակ ճամփորդներն ընկան «Մեսերշմիտների» գնդակոծության տակ: Փիղը զգուշորեն, որպեսզի չճզմի Իվանին, ծածկեց նրան իր զանգվածեղ մարմնով: Միգուցե այդ ժամանակ Իվանն առաջին անգամ իրեն պաշտպանված զգաց իր ընկերոջ կողքին: Տարիներ անց նա պատմեց այդ դեպքի մասին ռուս արձակագիրներից մեկին, և նա իր հուշերում ընդգրկեց այդ զարմանալի բարեկամության հուզիչ պատմությունը:
Մտերիմ ընկերները` Վովան և Իվանը
1941-ի աշնանը վարժեցնողն ու փիղը հասան Երևան: Վովային բնակեցրին այն ժամանակ դեռ կառուցվող կենդանաբանական այգում: Շուտով Իվանին ուղարկեցին ռազմաճակատ, բայց նա դեռ չէր հասցրել Ռոստով հասնել, երբ շտապ հաղորդագրություն ստացավ: Դրանում ասվում էր, որ նա պետք է անհապաղ վերադառնա Երևան, որովհետև փիղը կտրականապես հրաժարվում է ենթարկվել որևէ այլ մարդու: Իվանը ստիպված եղավ վերադառնալ, և այդ ժամանակից ի վեր նրանք այլևս չբաժանվեցին: Փիղն ամենուրեք շրջում էր տիրոջ հետ և շատ նյարդայնանում էր, երբ վերջինս անհետանում էր իր տեսադաշտից: Նա օգնում էր Իվանին տնտեսության մեջ, հսկում պահեստները, իսկ երբ կառուցեցին նրա նոր վանդակը, Վովան օգնում էր բանվորներին շինանյութեր տեղափոխել: Նա դայակի պես հետևում էր Իվանի երկու դուստրերին, իսկ շրջակայքի երեխաներին նստեցնում էր մեջքին և զբոսանքի տանում կենդանաբանական այգով: Բայց երբ պատերազմն ավարտվեց, փղին փակեցին վանդակում, քանի որ կենդանաբանա կան այգին արդեն բացել էր իր դռներն այցելուների համար: Ազատ կյանքը վերջացավ: Այժմ մեծահոգի հսկան ժամերով կանգնում էր իր փոքրիկ «բնակարանում», որպեսզի այցելուները նայեին նրան, ուրախանային ու հիանային նրանով:
Առաջին փախուստը
30 տարի փիղը ապրեց Երևանի կենդանաբանական այգում՝ զվարճացնելով մեծերին ու փոքրերին: Այդ ընթացքում Վովան մեծացավ, մեծացան նաև նրա սննդի պահանջները, բայց չփոխվեցին կենդանիներին պահելու նորմերը. փղի և՛ վանդակը, և՛ սննդի օրակարգը մնացին նույնը: ԽՍՀՄում կենդանաբանական այգիներում կենդանիներին պահում էին այցելուներին զվարճացնելու համար, այլ ոչ թե տեսակը անազատության մեջ պահպանելու համար: Անգամ կրկեսներում նրանց կյանքն ավելի գերադասելի էր. նրանք ավելի շատ էին շարժվում, և նրանց ավելի շատ էին կերակրում: Վովան ստիպված էր լինում ինքնուրույն սնունդ հայթայթել իր համար: Նրա վանդակի դիմաց շատ բուսականություն կար, և նա պոկում ուտում էր ամեն ինչ՝ ձգված կնճիթի հեռավորության վրա մաքրելով տարածքը կանաչից:
Վովայի փախուստին հետևում էր հետաքրքրասերների հսկայական ամբոխը
Նրա առաջին փախուստն անսպասելի էր: Փիղը քանդեց վանդակի պատերից մեկը և դուրս պրծնելով գերությունից՝ սկսեց բարձրանալ լեռան լանջով՝ ագահորեն խժռելով խոտը: Այդ պատահարը յուրօրինակ ազդանշան դարձավ. այգու աշխատակիցները հասկացան, որ նա կիսասոված է ապրում: Սակայն սնունդն ավելացնելու ոչ մի ճար չկար. Երևանի կենդանաբանական այգուն խիստ սահմանափակ քանակությամբ մթերք էին մատակարարում: Եվ այդ ժամանակ դրությունից միանգամայն յուրահատուկ ելք գտնվեց: Գաղտնի համաձայնությամբ վանդակի պատը որոշվեց չվերականգնել, որպեսզի կենդանին կարողանա մեկմեկ ազատություն ստանալ: Երեկոյան Իվանը գնում էր դեպի լեռան ստորոտը, որտեղից ինքն ու Վովան հանգիստ ու խաղաղ վերադառնում էին այգի: Փղի «անօրինական» ելումուտերի ընթացքում ոչ մի արտակարգ պատահար չարձանագրվեց: Մինչև 1970-ի հունիսի 28-ը:
Այդ օրը Վովան, ինչպես միշտ, բարձրացավ լեռը՝ համտեսելու թարմ խոտը: Բայց Իվանը սովորական ժամին չեկավ նրա ետևից. Այգու աշխատակիցներն այդ օրը ինչոր իրադարձություն էին նշում և փղի մասին հիշեցին, երբ արդեն մթնել էր: Իվանը գլխակորույս շտապեց Վովայի մոտ, սակայն նրանք վերադարձան ոչ թե ծանոթ ճանապարհով, այլ մեկ ուրիշով, որը լուսավորվում էր էլեկտրական լամպերով: Փիղը մեկումեջ բախվում էր լապտերասյուներին: Ավելի ուշ վարկած առաջարկվեց, թե, հնարավոր է, նա թեթև էլեկտրական հարված էր ստացել, բայց այդ ժամանակ ոչ մեկի մտքով նման բան չէր կարող անցնել: Փղին վանդակում փակելուց հետո Իվանը վերադարձավ ընկերների մոտ, և միայն առավոտյան պարզ դարձավ, որ Վովան կրկին դուրս է պրծել և այլևս ոչ մեկին չի ենթարկվում: Երբ աշխատակիցները փորձեցին փղին վանդակը մտցնել ջրկիր մեքենայի օգնությամբ, նա պոկեց ոտքին ամրացված ծանր շղթան և ամբողջ ուժով սկսեց կնճիթով հարվածել վանդակներին ու պատնեշներին: Այդպես, ճանապարհին ավերելով ամեն ինչ, նա գնում էր դեպի այգու ելքը: Աշխատակիցները որոշեցին, որ ծայրահեղ միջոցներ պետք չէ կիրառել, որովհետև վստահ էին՝ Վովան վտանգավոր չէ և շուտով կհանդարտվի:
Փիղն ընդդեմ տրոլեյբուսի
Երբ Վովային դեռ թույլատրում էին ազատորեն շրջել կենդանաբանական այգով, նա սիրելի զբաղմունք էր գտել: Մայրուղով երթևեկող մեքենաները հաճախ էին կանգ առնում այգու մոտ. մեկը չէր կարողանում հաղթահարել զառիթափը, մյուսի բենզինն էր վերջանում: Ուղևորները ստիպված էին լինում դուրս գալ ավտոմեքենայից ու հրել այն: Վովան սովորել էր օգնել նրանց: Դա արդեն ոչ մեկին չէր զարմացնում: Թվում էր, թե սովորական բան է. ի՞նչ կա որ, փիղն օգնության է գալիս: Երբեմն նա տարվում էր և ամբողջ օրը ճակատով հրում «Վիլիսներն» ու «Ստուդեբեկերները», անկախ այն բանից՝ դրա կարիքը կա՞ր, թե ոչ: Ահա և այդ օրը, դուրս գալով այգուց և հայտնվելով երթևեկելի հատվածում, նա սկսեց վազել դեպի մեքենաները, ինչը շատերին, բնականաբար, խուճապի մատնեց: Հետո փիղը նկատեց անցնող տրոլեյբուսը: Ճակատով հպվեց հետնամասին ու այնտեղ փոս առաջացրեց: Կարելի է պատկերացնել, թե ինչ ապրեցին սրահում նստած մարդիկ: Տրոլեյբուսի վարորդը, արագություն հավաքելով, կտրուկ շարժվեց տեղից: Ուղևորներից ոչ մեկը չտուժեց, իսկ ահա Վովան վրդովմունքից բախվեց մի մարդատարիու վնասեց ժանիքը: Հավաքված ամբոխից ոչ ոք չգիտեր, որ կոտրված ժանիքով փիղը անտանելի ցավ է զգում և անկառավարելի ու ագրեսիվ է դառնում…
Զայրացած փղին չէր վախեցնում նույնիսկ զրահամեքենան
Արտակարգ միջոցներ
Կենդանաբանական այգուց փախուստի դիմած փղի մասին լուրը հասավ Երևանի Քաղաքային խորհուրդ: Որոշվեց արտակարգ միջոցներ ձեռնարկել, առավել ևս, որ մոխրագույն հսկան շարժվում էր դեպի երկաթուղային կամուրջը, այսինքն՝ մոտենում էր քաղաքի ամենակենտրոնական հատվածին: Միակ բանը, որի մասին այդ ժամանակ մտածում էին քաղաքային իշխանությունները, որքան հնարավոր է արագ վերադարձնել կենդանուն այգի, որպեսզի նա ոչ մեկին վնաս չտա: Անվտանգության նկատառումներով բեռնատար ավտոմեքենաներով փակվեցին դեպի քաղաքի կենտրոն և Նոր Նորք ու Ավան բնակելի թաղամասեր տանող բոլոր ճանապարհները: Կատաղած փիղը ամբոխի ուղեկցությամբ Մյասնիկյանի պողոտայով շարժվեց ներքև:
Վտանգավոր մոտեցման դեպքում մարդիկ փորձում էին հետ մղել փախստականին՝ քարեր նետելով նրա վրա: Իրավիճակը դուրս էր գալիս հսկողությունից. պետք էր միմյանցից փրկել փղին ու մարդկանց: Իրավապահ մարմինների՝ ամբոխը ցրելու փորձերն ապարդյուն էին: Երկաթուղային կամրջի մոտ իշխանությունների հրամանով արդեն տեղակայվել էին զինվորները, որոնք սպասում էին մինչև թիրախին դիպչելը կրակելու հրամանին: Բայց երևանյան իշխանությունները երկար ժամանակ չէին վճռում ծայրահեղ միջոցների դիմել: Նախ՝ խղճում էին բոլորի կողմից սիրված կենդանուն, երկրորդը՝ Վովան Խորհրդային Միության տարածքում մեծությամբ երկրորդ փիղն էր: Բայց կատարվածի մասին լուրերը հաշված րոպեներում հասան Մոսկվայի համապատասխան մարմիններ: Եվ այնտեղ ընդունվեց որոշում՝ կանգնեցնել ըմբոստացած կենդանուն բոլոր միջոցներով: Դա դատավճիռ էր: Բայց այգու աշխատակիցները ամեն կերպ հետ էին պահում զինվորներին կրակելուց ու փորձում ամեն գնով վանդակ վերադարձնել Վովային: Սակայն վերջինս արդեն չէր ենթարկվում նույնիսկ Իվանին, որը կատարյալ մոլորության մեջ էր. թվում էր, որ նա այնքան էլ չի հասկանում, չի հավատում, թե ինչ է կատարվում:
Հավատարիմ ընկերոջը մահացու վտանգ էր սպառնում, իսկ ինքն ի զորու չէր օգնել նրան… Զինվորները նորից կրակելու հրաման ստացան, ինքնաձիգների ոտքերը քաշեցին: Փամփուշտները բախվում էին ժայռերին և անդրադարձ թռիչքով կարող էին դիպչել մարդկանց, ուստի հրաձգությունը գրեթե անմիջապես դադարեցրեցին: Բայց մի քանի փամփուշտ դիպավ փղի գլխին: Ծանր վիրավորված կենդանին է՛լ ավելի գազազեց ու սկսեց մի կողմից մյուսը նետվել: Նույն այդ օրը Գերմանիայից Երևան վերադարձավ Կենդանաբանական այգու տնօրեն Թադևոս Եգանյանը: Ճակատագրի հեգնանքով նրան այնտեղ յուրահատուկ նվեր՝ ներարկիչատրճանակ էին ուզում մատուցել, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարելի էր կենդանիներին քնաբեր ներարկել և այդպիսով ժամանակավորապես վնասազերծել նրանց: Բայց տնօրենը հրաժարվեց. կամ համոզված էր, որ դա իրենց պետք չի գա, կամ էլ նվերը չափազանց թանկ էր: Իմանալով կատարվածի մասին՝ նա հասկացավ, թե որքան մեծ սխալ է գործել. այժմ Վովային կարելի էր գազանանոց վերադարձնել միայն քարշակի օգնությամբ: Հսկայական թրթուրավոր մեքենան շարժվեց դեպի խեղճ կենդանին: Տեսնելով մոտեցող քարշակը՝ փիղը վազեց այգու կողմը: Թվաց, թե շանս կա, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, բայց հասնելով դարպասի մոտ՝ փիղը հրաժարվեց ներս մտնել: Վիրավոր կենդանուն փորձում էին քարշակով ներս հրել, բայց նա տեղից չշարժվեց: Սկսվեց փղի ու մեքենայի իսկական մենամարտ: Բայց ոտքերին մի քանի հարված ստանալուց հետո վիրավոր Վովայի ուժերը սպառվեցին, և նա շունչը փչեց…
Երբ փիղը տապալվեց գետնին, նրա կողքին գիտակցությունը կորցրած վայր ընկավ նաև Իվանը: Նա հետո դեռ երկար ժամանակ հիվանդանոցում պառկած մնաց. կատարվածը նրա համար ծանր փորձություն էր: Այնուհետև՝ մեկ տարի անց, նա կենդանաբանական այգու համար Բրեստից անձամբ նոր փիղ բերեց Երևան: Բայց արդյոք նա կարո՞ղ էր փոխարինել վարժեցնողի ընկերոջը: Այդպես առաջին ողբերգությանը հաջորդեց երկրորդը. նկարագրած դեպքերից մի քանի տարի անց Իվանը զոհվեց նոր փղի վանդակում, երբ վերջինս հարձակվեց նրա վրա ցասումի պոռթկման ժամանակ:
Չօգնեցին նույնիսկ կրակոցները
Վարկածներ
Վովայի կատաղության իրական պատճառների մասին վեճերը շարունակվում են մինչ օրս: Ասում են, թե հերձման ժամանակ պարզվեց, որ փղի երիկամներում քարեր կային, որոնք այդ օրը շարժվել էին՝ սարսափելի ցավ պատճառելով նրան: Մեկ այլ վարկածի համաձայն՝ փղի տարօրինակ պահվածքի պատճառը կարող էր էգի բացակայությունը լինել: 1953ին Գերմանիայից նրա համար ընկերուհի էին բերել՝ Տիկիին: Բայց 15 տարվա համատեղ կյանքից հետո Տիկին հիվանդացավ ու սատկեց: Մի խոսքով՝ նկարագրված դեպքերի ժամանակ Վովան միայնակ էր: Սակայն անասնաբույժների մեծ մասը, այնուամենայնիվ, փղի կատաղությունը չի կապում նրա միայնության հետ և հիմնական պատճառը համարում է վնասված ժանիքը: Ընդ որում, գրեթե բոլորը համամիտ են, որ ողբերգության հանգեցրեցին մի շարք ճակատագրական սխալներ, որոնք թույլատրվեցին ըմբոստ կենդանուն վանդակը վերադարձնելու գործողության ժամանակ:
Քաղաքային լեգենդ
Չնայած, որ մեծ թվով մարդիկ դարձան Վովայի մահվան վկաները, պատահարի հաջորդ օրը կենտրոնական թերթերը հաղորդեցին, որ «կենդանաբանական այգուց փախած փղին բարեհաջող վերադարձրել են, և ներկա պահին նա իր վանդակում է»: ԽՍՀՄում անհնար էր խոստովանել, որ խորհրդային բանակը սպանում է բոլոր երեխաների սիրելի կենդանուն՝ թեկուզ կատաղած ու անկառավարելի… Մամուլում հրապարակումների բացակայության պատճառով այդ պատմությունը, որը Երևանի լեգենդներից մեկն է դարձել, մայրաքաղաքի բնակիչները տասնյակ տարիներ պատմել են միմյանց, ամեն մեկը՝ իր ձևով: Եվ ամեն անգամ այն նոր մանրամասներ է ձեռք բերել: Բայց այդ պատմություններում անփոփոխ է եղել և մնում մի բան՝ փղի հանդեպ սերն ու երևանցիներին չլքած մեղքի զգացումը հենց իրենց քաղաքում նման բան պատահելու համար:
«Ереван» ամսագիր, N12(71), 2011