Հունիսի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ: Անդրադառնալով ծառայողական խնդիրների լուծման որակին՝ ոստիկանության պետը նշեց, որ ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն պարբերական ու լիարժեք մասնագիտական պարապմունքների միջոցով, ցանկացած ձևական մոտեցում այդ գործին հանգեցնում է սխալների, վրիպումների, արդյունքում՝ առաջադրված խնդրի ոչ լիարժեք կատարման:
Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական մակարդակի բարձրացմանը զուգահեռ` ընդգծեց հասարակական կարգի ապահովման մեջ ներգրավված ոստիկանի պաշտպանվածության անհրաժեշտությունը: Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական, վերկուսակցական համակարգ է, և պահանջեց այս սկզբունքը ընկալելի դարձնել հասարակության համար:
Կարևորելով անձնակազմի հետ տարվող աշխատանքը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հրամանատարներն անձնական պատասխանատվություն են կրում ենթակաների պատրաստականության, անվտանգության, պարտականությունների կատարման որակի համար: Խոսելով ոստիկանության կողմից որդեգրված հանդուժողական գործելակերպի, զիջողամտության մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանդուրժողականությունը դուրս չպիտի գա օրենքի ու տրամաբանության սահմաններից, և հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Ոստիկանության պետը հավաքի մասնակիցներին հրահանգեց լիարժեք անցկացնել մասնագիտական պարապմունքները, անհրաժեշտության դեպքում հրավիրել ոլորտի այլ մասնագետների, մշակել համալիր ծրագրեր ցանկացած իրավիճակի համար, հասնել ծառայողների և ստորաբաժանումների գործողությունների կատարյալ փոխհամաձայնեցման, մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկայում տեղի ունենալիք մեծ վարժանքներին: