Ինչին է պետք քաղաքականությունը. առանց այդ էլ վատ չեն կերակրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի մասին հանրությունը միշտ խոսում է ու միշտ էլ հիշում, հատկապես վերջին շրջանում, երբ բենզինն օր օրի թանկանում է:  Բ.Բեգլարյանի մուտքը քաղաքականություն ընդհանրապես անիմաստ է: Լինելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկը եւ ներմուծվող բենզինի ու դիզելային վառելիքի բիզնեսի մենաշնորհատերը` Բ.Բեգլարյանն առանց քաղաքականություն մտնելու էլ հասել է այն բանին, որ նրա մասին անընդհատ խոսվում է:

Որոշ ժամանակ առաջ Բեգլարյանն արդեն որերորդ անգամ անձամբ խոչընդոտում էր, որպեսզի Հայաստան իրանական բենզին մուտք չգործի, ինչն անհամեմատ կհեշտացներ սպառողի օրվա խնդիրը, սակայն հասկանալի է` կհարվածեր Բ.Բարսեղյանի եկամտաբերությանը:

Ֆլեշի Բարսեղն ընդհանրապես չի սիրում հարցազրույցներ տալ, սակայն եզակի դեպքերում ԶԼՄ ներկայացուցիչ տեսնելիս հիրավի մտքի մարգարիտներ է շաղ տալիս:
Թվում է` էլ ինչ է մարդուն պետք երջանիկ լինելու համար: Հայաստան մտնող բենզինի ու դիզվառելիքի մենաշնորհը ցանկացածին կարող է ապահովել, ինչպես ասում է ժողովուրդը, «ոտից-գլուխ», սակայն Ֆլեշ Բարսեղի դեպքում պարզվում է` դա քիչ է: Տարիներ առաջ, տարածված լուրերի համաձայն, Բ.Բեգլարյանը փորձ է արել ձեռք բերել «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջամվելյանի ունեցվածքը:  Տարիներ առաջ այս երկուսը համագործակցության եզրեր էին գտել` գնելով ու զարգացնելով Արմավիրի խոզաբուծական ֆերման:

Հայաստան աշխարհս թալանողներին, որոնք մեզ բոլորիս քաջ հայտնի են, բազմիցս անդրադարձել են նաեւ արտասահմանյան պարբերականները: Ու զարմանալի կլիներ, եթե դրանց թվում չհիշատակվեր մեր հերոսի անունը` Սամվել Ալեքսանյանի, Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, Միխայիլ Բաղդասարովի եւ այլոց կողքին:

Օրինակ  «The Moscow post»-ը Բ.Բեգլարյանի անձի վերաբերյալ տալիս է հետեւյալ բնորոշումը` «ծագումով ղարաբաղցի» Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկեր, ով դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն  «Ֆլեշ՚» ընկերության սեփականատերն է»: Այնուհետ պարբերականը թվարկում է այն ամենը, ինչ համարվում է Բ.Բեգլարյանի բիզնեսը` նշելով, որ խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը, «Արարատ» բանկը` համասեփականատիրոջ իրավունքով, ինչպես նաեւ հանրապետության ողջ տարածքում շուրջ 60 բենզալցակայան, անթիվ-անհամար օբյեկտներ եւ այլն, նրան են պատկանում:

Այսքանից հետո անհասկանալի է` Բեգլարյանի ինչին է պետք քաղաքականությունը, եթե նրան առանց այդ էլ վատ չեն կերակրում:




Լրահոս