«168 ժամ» թերթը գրում է. «Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ չբանակցված եւ չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը եւ Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:
Եվրասիական տնտեսական միությունում բոլոր վիճելի հարցերը լուծվում են նաեւ քվեարկությունների միջոցով: Բելառուսը եւ Ղազախստանը ներկա ձեւաչափի պայմաններում շատ հաճախ կարողանում են համաձայնության գալ իրար հետ եւ Ռուսաստանին պարտադրել իրենց համար ընդունելի մոտցումներ:
Եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, քանի որ Հայաստանը որեւէ դեպքում չի կարող միանալ Բելառուսին եւ Ղազախստանին՝ ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը` Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի մեկ ձայնն օգտագործել` իր համար անընդունելի որոշումների կայացումը վիժեցնելու համար:
Հենց այդ պատճառով էլ Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը, իսկ թե որքան դա կարող է շարունակվել, ոչ ոք հստակ չի կարող ասել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: