Էջմիածնում հնչած կրակոցների միջադեպը պատահական վիճաբանության հետեւանք չէր․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը  գրում է. «Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեեւ տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջեւ, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների  եւ անհայտ անձանց  միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը:

Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների վազանցն է եղել: Հետեւից եկող մեքենայի վարորդը զայրացել է ու վիճաբանության բռնվել, ինչից հետո իր մոտ եղած հրազենով կրակել է: Ոստիկանությունից երեկ մեր թերթին հայտնեցին, որ այս քրեական գործով նորություն չկա:

Փոխարենը  լուրեր են շրջանառվում, որ այն «բացահայտվել» է այլ մեթոդներով: Ըստ Էջմիածնում շրջանառվող լուրերի, միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ՝ «անհայտ անձինք» գեներալ Մանվելից ներողություն են խնդրել, եւ ամեն ինչ հարթվել է: Այս զրույցներին ընդառաջ շրջանառվում էր այլ վարկած եւս, որ  կրակոցներով միջադեպը պատահական վիճաբանության հետեւանք չէր, այլ օրենքով գող Դոն Պիպոյի եւ գեներալների միջեւ դարավոր կռվի դրսեւորում: Իսկ նրանց միջեւ հին հաշիվները վերաբերում են Էջմիածինը Մանվել Գրիգորյանի գերդաստանի  ազդեցությունից հանելուն:

Ըստ  էջմիածինցիների, Դոն Պիպոյի ջրաղացին ջուր լցնողներից մեկն էլ Մանվել  Գրիգորյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, որի հետ գեներալը թշնամական հարաբերությունների մեջ է: Ավելին՝ կարծում են, որ միջադեպին Դոն Պիպոյի կողմնակիցների առնչությունն ակտիվորեն շրջանառության մեջ է դրել հենց Հրանտ Գրիգորյանը, ով, ելնելով իրենց վատ հարաբերություններից, շահագրգիռ կողմ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս