Ֆիլհարմոնիկը հարգանքի տուրք կմատուցի Ա. Ղարաբեկյանի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կնվիրի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Համերգը տեղի կունենա hուլիսի 4-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես դիրիժոր հանդես կգա Վարդան Հակոբյանը, իսկ որպես մենակատար` սոպրանո Նունե Բադալյանը: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Լիստի, Շտրաուսի, Էլգարի գործերը:

Հունվարի 11-ին 58 տարեկան հասակում ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարե լ է մինչ 1991 թվականը:

Աշխատել է Կիևի Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ: 1999թ. Ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրների երաժիշտներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

1988թ. արժանացել է Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:




Լրահոս