Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց այն, ինչի մասին մենք տեղեկացրել էինք նախորդ շաբաթ` ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է գալիք խորհրդարանական ընտրություններում: Ինչպես գիտենք, այս գործիչը շատ է սիրում ամեն առիթով շեշտել, որ ինքը «կռուտոյ» տղա է, ով հարցերը լուծում է ծեծելու միջոցով, ում հնարավոր չէ պատժել, եւ ով իր խոսքի տերն է:
Հիշեցնենք, որ դեռեւս անցած ապրիլ ամսին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գալիք ԱԺ-ում օլիգարխները տեղ չեն ունենալու, Ռուբեն Հայրապետյանը «թագավորացրեց» շեֆի խոսքը` հայտարարելով, որ իրեն գալիք ԱԺ-ում չի տեսնում: Որպես իր խոսքը հարգող տղա` Հայրապետյանը նույն բանը կրկնեց նաեւ անցած սեպտեմբերին: Ավելին, այս անգամ նա նույնիսկ կարծիք հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են ԱԺ եւ չեն զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ, խաբում են ժողովրդին: Անգամ թեթեւ ինքնախոստովանական ելույթ ունեցավ` ասելով, որ ինքն էլ է, ըստ էության, նրանց շարքում, սակայն հիմա հասկացել է դա եւ գտնում է, որ առաջիկայում ԱԺ-ն պետք է համալրվի բացառապես բանիմաց, պրոֆեսիոնալ օրենսդիրներով: Հայրապետյանը նշեց, որ պատրաստ է հենց նույն պահին հրաժարվել մանդատից, սակայն դա չի անում զուտ այն բանի համար, որ մնացել է 2-3 ամիս: Իհարկե, մնացել էր ոչ թե 2-3, այլ 6-7 ամիս, բայց դա չէ էականը: Տեսնենք, թե ինչպիսին էր Հայրապետյանի դիրքորոշումը 3 ամիս անց. այդ նպատակով փոքրիկ մեջբերում անենք Yerkir.am-ի` անցած դեկտեմբերի 6-ի հրապարակումից: «Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտքափոխվել է եւ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Հայրապետյանը նշեց, որ ինքն այն մարդկանց տեսակին է պատկանում, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է»: «Հաստատ չեմ փոշմանել: Ես իմ տեղը պառլամենտում չեմ տեսնում: Իմ շատ սիրելի մարդիկ հիմա ընտրվել են ԱԺ նախագահ եւ փոխնախագահ, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ նրանց ղեկավարության ժամանակ ես մասնակցեմ… բոլոր նիստերին, մինչեւ ժամանակը լրանա: Դրանից հետո, միանշանակ, թեկնածություն չեմ դնելու»,-ասաց պատգամավորը»: Ու հիմա, փաստորեն, ստացվում է, որ Նեմեց Ռուբոյի «միանշանակն» այնքան էլ միանշանակ չէ, ոչ էլ «հաստատն» է հաստատ: Պարզվեց, որ դա ընդամենը քաղաքական չստացված սեթեւեթանք էր: Հավանաբար, Հայրապետյանը լուրջ էր ընդունել Սերժ Սարգսյանի ասածը, թե նոր ԱԺ-ում օլիգարխներ չեն լինելու, դրա համար էլ որոշեց բոլորից առաջ ընկնել եւ ինքնազոհաբերման օրինակ ցույց տալ: Սակայն հետո, երբ տեսավ, որ իրեն հետեւողներ չկան, սկսեց տատանվել` «եթե կուսակցությունը որոշի…»: Իսկ արդեն ավելի ուշ, երբ հասկացավ, որ Ս.Սարգսյանը «Կարգին մուլտի» հայտնի հերոսի նման «կատակ է արել», մոռացավ, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է», ու որոշեց եւս 4 տարի զբաղվել իր իսկ բնորոշմամբ` «ժողովրդին խաբելով»:
ԿԱՏԱԿ ԷՐ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ