«Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով ներկայացրեց խմբակցության հաշվետվությունը:
Ըստ Հակոբյանի՝ անցնող տարվա ընթացքում խմբակցությունն ամեն ինչ արել է, որ հնարավորինս արդյուվետ ներկայանա խորհրդարանում. «Խմբակցությունն աշխատել է երեք պատգամավորով և արել է հնարավորը արդյունավետ ներկայանալու համար: Անցած տարվա ընթացքում կարողացավ ներկայացնել տասներկու նախագիծ, որոնք հասկանալի պատճառներով ցավոք չընդունվեցին»,- նշեց Հակոբյանը և հավելեց, որ խմբակցությունը կարողացել է երկու արտահերթ հարց ներկայացնել:
««Քառյակի» համագործակցությունը քաղաքական նոր մշակույթ ձևավորեց: «Քառյակը» քննարկել է այնպիսի թեմաներ, որոնք հանրության շրջանում լայն արձագանք էին գտել, մասնավորապես՝ գազային պայմանագիր, կուտակայինի ֆոնդի ստեղծում», – ընդգծեց նա:
Հակոբյանը բացի խմբակցության հաշվետվությունը ներկայացնելուց` անդրադարձավ նաև իրենց կուսակցության տարբեր անդամների հնչեցրած արտահայտություններին.
«Պետք է հստակ գիտակցել, որ ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող հասնել ամբողջական իշխանափոխության, անհրաժեշտ է առողջ համախմբում: Երբ «Ժառանգության» վարչության անդամները տարբեր կարծիքներ են հայտնում իշխանափոխության վերաբերյալ, պետք է ասեմ, որ դա թուլացնում է խմբակցության կեցվածքը: Վստահ եմ, որ վարչությունն ապագայում կհստակեցնի իր գիծը, միայն դրա դեպքում կարող ենք իրականացնել համակարգային իշխանափոխություն, իսկ եթե չկարողանանք, պետք չէ մեղադրել իշխանությանը»,- եզրափակեց Հակոբյանը։