
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիային շատ մեծ վտանգ է սպառնում: Դա կապված է այն բանի հետ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ժամանակին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Սիրիայի և Իրաքի ճգնաժամի հետ կապված:
Նա նշել է, որ Իրաքն ու Սիրիան ներկայում էլ կանգնած են նույն խնդիրների առջև, տեղեկացնում է Տրենդ գործակալությունը:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս արգելված իրաքյան «Արաբական սոցիալական վերածնունդ» կուսակցության աջակցությամբ հունիսի 10-ին գրավել են իրաքյան Նայնավա հյուսիային նահանգի մայրաքաղաք Մոսուլը, մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Սալահ Էդ Դին նահանգի մի մասը, այդ թվում` նրա կենտրոնը հանդիսացող Տիկրիտ քաղաքը: