Չորաթան գյուղում հակառակորդը կրակել է վարորդների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Չորաթան գյուղի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակահերթ է բացվել, ինչի հետևանքով 2 մեքենա է վնասվել:

Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղացիներից մեկն այդ պահին հրաշքով է փրկվել, և կրակահերթը տևել է մոտ 2 ժամ:

Գյուղապետի փոխանցմամբ, այս պահին գյուղում հանգիստ վիճակ է, մարդիկ խուճապի մեջ չեն, պարզապես տնից դուրս չեն գալիս, դեռևս վախեցած են. Վաղվանից գյուղացիները կսկսեն աշխատել:

« «Սև նետ» կոչվող հրազենով են կրակել, որը դիպուկ խփում է նշանակետին: Երեկվա կրակոցների պատճառով այսօր գյուղի բնակիչներն այգի չեն գնացել: Շատերն էլ խոտերը քաղել են, բայց կրակոցների պատճառով չեն կարողանում գնալ, հավաքել: Կրակոցների հետևանքով տուժել են գյուղացիների մեքենաները: Հակառակորդը վարորդի ուղղությամբ է կրակել»,- պատմեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ երեկ կրակոցներ են հնչել նաև Տավուշի մարզի մի քանի այլ գյուղերի ուղղությամբ, որտեղ մեծ թվով վնասներ են գրանցվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս