ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին: Եվ այսպես, երեկ գյուղնախարարը ԱԺ-ում ներկայացրել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արգելում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները հեռացնել, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմել, պոչերը ճզմել, ոլորել, եւ մարդկային մտքի տգիտության այլ դրսեւորումներ: Թե ինչպես են վերահսկելու այս օրենքի կատարումը, ո՞ր կենդանին եւ ո՞նց է ահազանգելու իր նկատմամբ թույլ տրված օրինախախտման մասին, նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում: Բայց կարեւորն այստեղ օրենք գրելու դրդապատճառն է: Նախարար Կարապետյանի խոսքերով՝ «դա Եվրամիության եւ միջազգային կազմակերպությունների պահանջն է»: Այսպիսով, հասկանալի դարձավ, որ փաստաթուղթն ընդունվում է «գալչկայի համար», որպեսզի հերթական եվրոպական դրամաշնորհը «տակով անեն» եւ եվրոպական կառույցներին հաճոյանան: Ոչինչ, որ օրենքը կմնա անկատար, ոչինչ, որ նախագծի վերաբերյալ, օրինակ, ՀՀ Արագածոտնի մարզի Սադունց համայնքի ղեկավար Էդվարդ Սադունյանը լսելով «Ժողովուրդ»-ի հարցը, չկարողացավ նույնիսկ զսպել իր ծիծաղը եւ տարակուսեց, թե օրենքի ընդունումից հետո ինչպես է շփվելու իր սեփական կենդանիների հետ:
Ինչեւէ, թերեւս նման դեպքերի համար է Էյնշտեյնն ասել, որ աշխարհում 2 անվերջանալի բան կա՝ մեկը մարդկային հիմարությունը, մյուսը տիեզերքը՝ շեշտելով, սակայն, որ տիեզերքի հաշվով այնքան էլ վստահ չէ:
Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ինչպես երեւում է, վերջինս, հավանաբար, ցանկանում է նորովի կահավորել իր տարածքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը նախատեսել է գնել 1 մլն 650 եւ 24մլն 77 հազար դրամ արժողության կահույքներ, 1 մլն 160 հազար դրամի` 20 հատ ղեկավարի բազկաթոռ, վարագույրներ՝ 95 հազար դրամի, 4 սառնարան` յուրաքանչյուրը 484 հզ դրամ արժողության, եւ այսպես շարունակ: Ի դեպ, 24 մլն դրամ արժողության կահույքը կառավարությունը ցանկացել է ձեռք բերել Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո, այնինչ՝ Տիգրան Սարգսյանի օրոք նախատեսված է եղել գնել միայն 1.6 մլն դրամ արժողության կահույք: Կարելի է ենթադրել, որ 24 մլն դրամ արժողության կահույքը ձեռք է բերվում կա՛մ անձամբ Հովիկ Աբրահամյանի, կա՛մ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի համար:
ԱԺ երեկվա արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն հայտնվել էր անհարմար վիճակում: Քվեարկության ժամանակ ԱԺ 5 խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի բոյկոտի արդյունքում ՀՀԿ-ին չհաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումն ու երկու նախագիծ չընդունվեց, այդ թվում եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Ուշագրավը, սակայն, այն է, որ սույն օրենքի նախկին քննարկումների ժամանակ ընդդիմությունը եւս կողմ էր արտահայտվել ՏՏ ոլորտի մասին օրինագծին, բայց երեկ չքվեարկելով՝ այն տապալեց: Հիմա կառավարությունը ստիպված է այս նախագիծը խորհրդարան մտցնել նույն ընթացակարգով՝ սկսելով զրոյից: Այս փաստը եւս մեկ անգամ ի դերեւ է հանում այն տխուր իրողությունը, որ հայրենի խորհրդարանում պայքարը ոչ թե լավ եւ ավելի լավ օրենսդրություն ունենալու միջեւ է, այլ գործում է միմյանց «ինադու» քայլեր անելու սկզբունքը:
Երեկ երեկոյան Գառնի տաճարում 1 մլն դրամի դիմաց փակ բանկետ կազմակերպելու եւ նախօրեին «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում 700.000 դրամ օրավարձով փարթի կազմակերպելու Մշակույթի նախարարության կողմից տրված պաշտոնական թույլտվության լուրերը սառը ցնցուղի ազդեցություն թողեցին հանրության վրա: Զայրույթի բուռն ալիք բարձրացավ հասարակության տարբեր շերտերի մոտ, որ պատմամշակութային վայրերը դարձել են այնքան մատչելի արժեքներ, որ կարելի է վարձակալել ու քեֆ անել այնտեղ: Մարդիկ վրդովված ասում են իրենց մտքինը Մշակույթի նախարարության գործունեության մասին: Օրինակ՝ հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց. «Սատկացնել է պետք ե՛ւ վարձողին, ե՛ւ վարձով տվողին, մշակույթի նախարարին սատկացնել է պետք: Ընդհանրապես, էդ խառնածիններն ավելի վտանգավոր են, քան զտարյուն սրիկաները. սրանք պատրաստ են, ու իրականում լիզում են յուրաքանչյուր օտարի հետույքը, մանավանդ` ռուսի: Սրանք ուրիշ լեզու չեն հասկանում: Սատկացնել է պետք»: