ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայում քննարկվեց կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների մասին օրենքների փաթեթը, որով նախատեսվում է մոտ 43 մլրդ դրամ գույքահարկ ու հողի հարկ զիջել կառավարությանը: Ինչպես եւ սպասվում էր՝ այն արժանացավ խորհրդարանական ընդդիմության բուռն քննադատությանը: ՀՅԴ-ական Արա Նռանյանը նախագիծը որակեց «շապոկլյակի սկզբունքով կազմված»: Իսկ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այս ի՞նչ է՝ ընտրակաշառք է ընտրություններից առաջ։ Ինչո՞ւ հատուկ կերպով բերվում է հենց հիմա, ինչո՞ւ պարտաճանաչ վճարողները, ոչինչ այս մասին չիմանալով, հայտնվում են անհավասար պայմաններում։ Որովհետեւ բնակչություն է պետք, բնակչություն, որին կարելի է պահել կախվածության մեջ, եւ երբ մոտենում են ընտրությունները, հանկարծ պարտք ներող եւ լավություն անողի դերում հայտնվել։ Այսինքն` ստացվում է՝ ամբողջ ժողովրդով հավաքում ենք պետական բյուջեն, իսկ այդ բյուջեի որոշ հատված կառավարությունն օգտագործում է ընտրություններում հաջողելու եւ վերարտադրվելու համար»: Ի դեպ, ըստ նախագծի` իշխանությունները պատրաստվում են զիջել մինչեւ 2008թ. հունվարի 1-ը կուտակված հարկերը, ինչպես նաեւ դրանից հետո գոյացած տույժերն ու տուգանքները: Սակայն պարզվում է` այդ հարկերի մի մասը կառավարությունը զիջել էր նաեւ նախկինում՝ կրկին համապատասխան օրենքի նախագիծ ընդունելով. խոսքը 2009թ. ապրիլի 7-ին ընդունված «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի մասին է, որը սահմանում է մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը չվճարված հողի հարկից ազատելու դրույթներ: Նաեւ՝ 2001թ. ԱԺ-ն ընդունել էր «Հողի հարկի արտոնությունների մասին» օրենքը: Ի դեպ, թեեւ կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե այս օրինագիծն առաջ է քաշել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, սակայն խորհրդարանին այն ներկայացված է որպես կառավարության հեղինակած նախագիծ: Այլ կերպ ասած՝ Տ.Սարգսյանն իրենով է անում իր կուսակցության անդամ պատգամավորների դափնիները:




Լրահոս