ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՐԻԳՈՐԻՉԻ ՇՔԱԽՈՒՄԲԸ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները, ճիշտ այնքան, որքան Գալուստ Գրիգորիչի արտահայտած մտքերում: Եվ այսպես, Գրիգորիչն ունի 7 խորհրդական, 6 օգնական, 4 ռեֆերենտ: Տեղի ունեցածին մեծ ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մեկ հանգամանք. այդ անձինք հսկա աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բայց որեւէ գործունեություն չեն ծավալում, ընդհակառակը՝ օրերով նրանց աշխատասենյակների դռները փակ են լինում: Չնայած, հանուն արդարության, պետք է նշենք, որ այս հարցում Գ.Սահակյանի մեղավորությունն այնքան էլ մեծ չէ. նա պատկառելի ժառանգություն է ստացել իր նախորդից՝ Հովիկ Աբրահամյանից, եւ իր հերթին երկու հոգով ավելացրել այդ թիվը, այնտեղ տեղավորելով իր վստահելիներին: Ի դեպ, այդպես են վարվել նաեւ նրա նախորդները:

ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները երանությամբ են հիշում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին: Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի նշանակումից հետո աշխատակիցներն ընդամենը մեկ անգամ են աշխատավարձ ստացել: Այն էլ, ստանալու ժամանակ, նորանշանակ նախարարը նրանց զգուշացրել է՝ ասելով, որ վերջին անգամն են իրենք աշխատավարձ ստանում: «Ժողովուրդ»-ը նաիրիտցիների աշխատավարձերի ուշացման խնդրի շուրջ զրուցեց ընկերության մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց. «Վերջերս են աշխատավարձ ստացել եւ ենթադրվում է, որ երկրոդ ամսի՝ հուլիսի վերջին մենք նորից աշխատավարձ կստանանք: Հակառակ դեպքում՝ մարդիկ լարված են, իրենց վատ են զգում, չէ որ բավականին մեծ պարտք կա»: Իսկ գործարանի հետագա ճակատագրի մասով մամլո խոսնակը ոչինչ չկարողացավ ասել. «Կարծես թե, մեր ճակատագրով զբաղված է ՀՀ կառավարությունը»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը նախորդ համարներում գրել էր, որ «Նաիրիտ»-ի խողովակներն ապամոնտաժում եւ վաճառում են, ինչը բավականին պատկառելի գումար է կազմում: Բայց թե ում գրպանն է գնում դրանց վաճառքից գոյացած գումարները անհայտ է, փոխարենն ակնհայտ է, որ աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում՝ միջոցների բացակայության պատճառաբանությամբ:

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

«Արմավիա» ավիաընկերության նախկին այն աշխատակիցները, ովքեր այժմ աշխատում են «Էյր Արմենիա» ընկերությունում, սկսել են խուսափել բողոքի ակցիաներին մասնակցելուց եւ «Արմավիա»-ից իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելուց: Բանն այն է, որ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատերը՝ Վահան Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է: Արդյունքում՝ աշխատակիցները կանգնել են փաստի առջեւ. կա՛մ լռել եւ բողոքի ակցիա չանցկացնել, կա՛մ էլ հայտնվել գործազուրկ լինելու վտանգի առջեւ:




Լրահոս