ՎՐԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԱՑՈՒՄԸ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Վրաստանի նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: «Հայ-վրացական գործընկերության հետեւողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով եւ միմյանց հետ»,-իր խոսքում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, ովքեր տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում, եւ հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հյուրերի խնդրանքով, Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը: Վարչապետն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
ՕԵԿ-Ը ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ
Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցին՝ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում այն համարելով անընդունելի: Նշենք, որ երեկ, բացի քաղխորհրդի նիստից, մեկ այլ իրադարձություն էլ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցությունում: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը (ում մականունը, ըստ դատարանի որոշման, Քույրիկ Լեւոն չէ) երեկ կա՛մ շփոթվել էր, կա՛մ էլ որոշել դեմ գնալ իր խմբակցության որոշմանը: Երբ ՕԵԿ-ը Քառյակի խմբակցությունների նման որոշեց բոյկոտել կառավարության ներկայացրած նախագծի քվեարկությունը, ՕԵԿ խմբակցության 5 անդամներից միայն Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան ձեռնպահ քվեարկեց՝ փորձելով ՀՀԿ-ականների համար քվորում ապահովել: