Երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը լի էր սկանդալային իրադարձություններով: Նախ՝ իշխող ՀՀԿ-ն, չնայած խորհրդարանում ունեցած կոճակային բացարձակ մեծամասնությանը, հայտնվել էր անելանելի իրավիճակում եւ քվորումի բացակայության պատճառով պարզապես չէին կարող անցկացնել անհրաժեշտ օրենքները: Իսկ օրվա վերջում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ նիստն ավարտեց 20 րոպե շուտ, քանի որ օրինագծի հիմնական զեկուցող՝ կառավարության ներկայացուցիչը չէր բարեհաճել գալ խորհրդարան:
ԱԺ նիստի հենց սկզբում պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն չունի քվորում եւ այդ իրավիճակից միանգամից օգտվեցին ԱԺ 5 խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը, որոնք պարզապես սկսեցին չմասնակցել քվեարկություններին: Այդ ձեւով ոչ իշխանական ուժերին հաջողվեց տապալել երկու նախագծի ընդունում: Եվ ամեն անգամ ՀՀԿ-ին պակասում էր 1-2 ձայն, ու սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ականները քվեարկում էին անգամ իրենց բացակա գործընկերների փոխարեն: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես էր ուրիշի փոխարեն քվեարկում, օրինակ, Ալիկ Հակոբյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը:
ԱԺ դահլիճում տեղի ունեցածն այնքան անակնկալ էր ՀՀԿ-ականների համար, որ նրանք շփոթված իրար երես էին նայում ու չէին կողմնորոշվում՝ ինչ անել: Նույնիսկ Գալուստ Սահակյանն առաջին քվեարկությունից հետո մի քանի վայրկյան կարկամած նայում էր իր առջեւ դրված թղթերին ու չէր կարող որեւէ բառ արտաբերել, հետո հազիվ կոչ արեց. «Հարգելի գործընկերներ, ուշադիր… խնդրում եմ լուրջ լինեք»: Երկրորդ նախագծի քվեարկության տապալումից հետո, ՀՀԿ-ականները հասկացան՝ որ ինչ-որ բան այն չէ, եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Դուրս գալով ԱԺ դահլիճից, նա սուրաց դեպի իր աշխատասենյակ՝ ձեռքի հետ օգնականներին հրահանգելով զանգել բոլորին, կանչել ԱԺ: Սակայն անգամ 20 րոպեն չօգնեց ՀՀԿ-ին. բացակա պատգամավորները շատ էին: Սակայն նշենք, որ տեղի ունեցածն այնքան էր շփոթեցրել ՀՀԿ-ականներին, որ Գալուստ Սահակյանն ակամայից խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը: Բանն այն է, որ նա իրավունք չուներ բավարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խնդրանքն ու 20 րոպե ընդմիջում հայտարարել: ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է. «Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տեւողությամբ»: Ասել է թե՝ 20 րոպե ընդմիջումը տրվում է միայն քվեարկությունից առաջ, եւ սա իմպերատիվ պահանջ է, մինչդեռ Վահրամ Բաղդասարյանն ընդմիջում խնդրեց քվեարկությունից հետո: Ավելի ուշ, երբ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ԱԺ նախագահին մեղադրեցին ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում թույլ տալու մեջ, Գալուստ Սահակյանն արդարացավ, թե ինքը նման բան չի արել, այլ ընդդիմությունն է փորձում ձախողել ԱԺ աշխատանքները, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում էր՝ ընդմիջում կարելի է հայտարարել նաեւ քվեարկությունից հետո: Միայն թե, պարոն Շարմազանովը չներկայացրեց, թե կանոնակարգի որ հոդվածով է կարգավորվում այս հարցը: Եվ այդքանից հետո Գալուստ Սահակյանին այլ բան չէր մնում, քան դադարեցնել քվեարկություններն ու անցնել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը:
Սկանդալները, սակայն, այսքանով չավարտվեցին. օրվա վերջում, երբ ԱԺ-ն փորձեց սկսել կառավարության ներկայացրած ֆինանսական ոլորտի վերաբերյալ նախագծի քննարկումը, պարզվեց, որ զեկուցողը՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, դահլիճում չէ: Շարմազանովը սկզբում հայտարարեց, որ քարտուղարությունից իրեն տեղեկացրել են, որ փոխնախարարը 2-3 րոպեից կգա: «Մարդ ուղարկեք դիմավորեն, որ ինքնաթիռով բերեն»,-հեգնեց Շարմազանովը, եւ մոտ 4-5 րոպե սպասելուց հետո՝ տեսնելով, որ Միրումյանը չկա, զայրացած ասաց,-«Քանի որ կառավարության ներկայացուցիչը դեռեւս չի կարողանում ժամանել՝ չգիտեմ ինչ պատճառով… ներողություն եմ խնդրում, բայց ես պիտի ԱԺ կանոնակարգ օրենք խախտեմ եւ դադարեցնեմ նիստը: Թող ինձ մեղադրեն, որ կանոնակարգ օրենքը խախտում եմ, բայց ես չպիտի նստեմ ու 5 րոպեից ավելի սպասեմ զեկուցողին: Ցտեսություն»:
Ու չնայած ԱԺ նիստը սովորաբար ավարտվում է ժամը 18-ին, Շարմազանովը պատգամավորներին հրաժեշտ տվեց ժամը 17:40-ին:
Հ.Գ. Նշենք, որ երեկ տապալվեցին կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր՝ ԱԺ արտահերթ նիստում հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով քննարկելու ԱԺ որոշման նախագիծը, ինչպես նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ