Վաղ միջնադարում կառուցված «Զվարթնոց» տաճարը, որը հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կոթողներից է, նոր ժամանակներում կարծես թե հավակնում է դառնալ սլավոնական «փարթի»-ների կազմակերպման լավագույն վայրերից մեկը: Վերջերս Մշակույթի նախարարությունը 700.000 դրամով «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքը մեկ օրով վարձով էր տվել ինչ-որ կազմակերպության` այնտեղ փակ միջոցառում կազմակերպելու համար:
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ մայիսի 27-ին «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր. «Ըստ որի` ընկերությունը՝ «Քեմփ Վենչուրս»-ը, պարտավորվում է կատարել «Զվարթնոց» տաճարում գտնվող զբոսաշրջիկների այցելության սրահի սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ, իսկ մենք պարտավորվում ենք դրա դիմաց տարածքը տրամադրել՝ միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու համար»: Թե մեր մշակութային գործիչներն ու մտավորականներն ինչպես են արձագանքում պատմամշակութային արժեքներն ու հուշարձանները փակ «փարթի»-ների անցկացման վայրի` «քլաբի» վերածելուն, փորձել է պարզել «Ժողովուրդ»-ը:
Հովիկ Չարխչյան. լրագրող, գրականագետ
-Սրբավայրերում օրգիաներ կազմակերպելու կամ տղերքի հետ մի կտոր հաց ուտելու գաղափարը կարող է հղանալ միայն ախտավոր ուղեղում: Բայց նույնիսկ ամենաապականված ուղեղն ի զորու չի լինի իրագործելու իր մտահղացումները, եթե դրա համար բարենպաստ միջավայր չստեղծեն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պաշտպանել մշակութային հաստատություններն ու հնավայրերը զանազան թափթփուկների ոտնձգություններից: Ու եթե Մշակույթի նախարարության կողմից «Զվարթնոց»-ի պղծումն արդարացվում է արտաբյուջետային միջոցների հոսք ապահովելու պատճառաբանությամբ, ապա շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե, օրինակ, որքա՞ն կարժենա Հասմիկ Պողոսյանի բնակարանում գիշերային դեմո-շոու անցկացնելը (ինչ խոսք, դարձյալ հանուն ֆինանսական հոսքերի): Անտերություն: Այս ամենի համար մեզնից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Քանի որ լռում ու հանդուրժում ենք, տեսնում ենք դա ու չենք ընդվզում: Երկրում պիտի գործի հստակ մշակութային քաղաքականություն, իսկ մեղավորները պիտի խստագույնս պատժվեն` անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից:
Էդուարդ Զորիկյան. հեղինակ-կատարող
-«Զվարթնոց»-ը` վարձո՞վ: Անակնկալ էր, չգիտեի: Այ քեզ բան, ուրեմն հերթը հասավ «Զվարթնոց»-ի՞ն: Չգիտեմ նույնիսկ՝ ինչ ասել: Սատկացնել է պետք ե՛ւ վարձողին, ե՛ւ վարձով տվողին, ե՛ւ ժամանակին նման սեփականաշնորհում անցկացնողին: Նորից ռուսնե՞րը: Մշակույթի նախարարին սատկացնել է պետք: Ինչո՞ւ է մեզ կռվեցնում մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Էն Կիսիլեւը քիչ էր, հիմա էլ մշակույթի նախարա՞րը. չնայած տենց էլ պիտի լիներ: Հիշում եմ` մի քանի տարի առաջ էլ եկեղեցիներից մեկում կաֆել էր խփել. դե գործ է, կպել է, անում են, էլի, դե ընտանիք են պահում, բա ուրիշ ո՞նց անեն, մի տեղ պիտի փարթի անե՞ն, թե՞ չէ: Կարծում եմ` նման մարդկանց վախը չափել է պետք: Ընդանրապես, էդ խառնածիններն ավելի վտանգավոր են, քան զտարյուն սրիկաները. սրանք պատրաստ են, ու իրականում լիզում են յուրաքանչյուր օտարի հետույքը, մանավանդ՝ ռուսի: Հիմա` սա են, ի՞նչ եք ուզում: Դուր չի գալիս` սատկացրեք: Միայն սատկացնել: Սրանք ուրիշ լեզու չեն հասկանում: Սատկացնել է պետք:
Աշոտ Ադամյան. դերասան
-Անբարո քայլ է, նույնքան անբարո են նաեւ վարձակալության տալու բացատրությունները: Պատմական հուշարձանները վարձակալման չեն տրվում եւ ոչ մի այլ երկրում` բացառությամբ այն դեպքերի, երբ միջոցառումն, իսկապես, բացառիկ պետական-մշակութային նշանակություն ունի՝ փառատոն, ֆիլմ, ներկայացում եւ այլն: Փնթի ու անպատասխանատու վերաբերմունք է. դու՝ ինձ, ես՝ քեզ տրամաչափի մտածողության հետեւանք: Այս ամենի համար պատասխանատու է թույլատրող օղակը, բնականաբար… Ժողովրդին վերաբերող հարցերին դժվար է անձնական պատասխան տալ, իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին՝ դա անտանելի ու անբարո վերաբերմունք է հենց ժողովրդի նկատմամբ: Չպայքարող Ժողովուրդը մեղավոր է ինքն իր առջեւ:
ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ