ԴԱՏԱԽԱԶՆ ԻՐ ԸՆԿԵՐԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳԽ եւ Ազգային Ժողովի մի քանի գումարումների նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել, քանի որ այլեւս չի կարողանում հանդուրժել երկրում այսօր տիրող իրավիճակը: Վերջինիս հունից հանել է այն փաստը, որ նույնիսկ ընկեր-բարեկամները, նախկին գործընկերներն ու  ինչ-որ դիրք զբաղեցնող մտերիմ պաշտոնյաներն  իր հեռախոսազանգերին չեն պատասխանում:
 -Պարո՛ն Արշակյան, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Դուք որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել:
-Նախ նշեմ, որ ինքնաառաջադրվելու եմ  8-րդ ընտրատարածքում: Գիտեմ, որ ասելիք է կուտակվել, այս չորսուկես տարիների ընթացքում մեր իրականության մեջ նոր խորթ բաներ են ի հայտ եկել, ես էլ բնավորությամբ ակտիվ մարդ եմ եւ դա չեմ կարողանում հանդուրժել: Այս տարիների ընթացքում մեր երկրի վիճակը չի լավացել, ավելին, գնալով վատանում է: Առանձնապես 2008 թվականի մարտի 1-ից հետո գտնում եմ, որ մեր ժողովուրդը հայտնվել է հոգեբանական խորը փոսի մեջ: 15-18 տարի առաջ խոսում էինք տնտեսական փոսի մասին, այնտեղից չելած` հիմա հայտնվել ենք հոգեբանական փոսում: Այդտեղից դուրս գալու միակ ճանապարհը, կարծում եմ, որ տեսնում եմ: Դրա համար էլ վերադառնում եմ, որպեսզի ասելիքս բարձրաձայնեմ: Մեկ նախադասությամբ` մինչեւ մարդկանց չվերադարձնենք իրենց ու իրենց երեխաների` վաղվա օրվա նկատմամբ կողոպտված հավատը, ոչ մի առաջընթաց գրանցել հնարավոր չէ: Իսկ ես գիտեմ, թե ինչ պետք է անել դրա համար:
-Հատկապես ինչի՞ց հետո որոշում կայացրիք կրկին վերադառնալ քաղաքականություն: Ի՞նչն է Ձեզ այդքան վրդովվեցրել:
-Իմ նախկին մի շարք գործընկերների եւ պետական պաշտոնյաների ներկայիս պահվածքը, որն ուղղակի ինձ զայրացրել է: Իմ դժգոհության պատճառը նաեւ այն է, որ շուրջ 6-7 ամիս է` փորձում եմ իշխանության վերին օղակներում պաշտոնավարող նախկին առանձին գործընկերներիս, ծանոթներիս, ինձ հետ ճանապարհ անցած մարդկանց հետ հեռախոսով խոսել կամ տեսակցել, բացի Սեյրան Օհանյանից, հանդիպել եմ իրենց զբաղեցրած պաշտոնին ոչ հարիր վերաբերմունքի: Դա կարող է վերաբերվել… սկսեմ էս մեր ջահելից` մեր նորանշանակ քաղաքապետից, ով 4-5 շարքով բարիկադավորվել է քարտուղարուհիների, չգիտեմ ընդունարանների ու ընդհանուր  բաժինների պետերի թիկունքում, հեչ հորը նման չէ… Դժգոհելու առիթ ունեմ մեր նոր ոստիկանապետից, որպես նախկին գործընկերոջ` իրեն կոնկրետ ասելիք ունեմ: 20 տարի առաջ, երբ ես Վանոյի համար թշնամի էի, եւ գործը պահանջում էր, ու ես զանգում էի էն նույն համարով, որով հիմա եմ զանգում, այնտեղ նստած պարոն Գասպարյանն ինձ միացնում էր Վանոյի հետ կամ փոխանցում էր խնդրանքս: Հիմա էնտեղ մարդ է նստեցրել, 5 անգամ զանգում եմ, ասում եմ` տղա՛ ջան,  խնդրում եմ, ղեկավարիդ ասա՛, եթե ինձ չի կարա ընդունել, թող մի հատ կապ տա, բայց ձայն չկա: Մեր ԱԺ նորընտիր նախագահի հետ, ում  4 անգամ զանգելուց հետո մի թաղման ժամանակ տեսնում, ասում եմ` պարո՛ն Նիկոյան, մենք ոչ միայն գործընկերներ ենք եղել, այլեւ երկար ճանապարհ ենք միասին անցել… Խոստանում է ու նորից լռում: Էս մարդկանց նման պահվածքը, չեմ թաքցնում, չարացրել է ինձ: Առաջիկայում ասելիքիս շուրջ վերը նշված անձանց գրավոր եմ դիմելու: Քննադատական խոսք ասելիս մարդիկ վախենում են, որ քննադատության սուբյեկտը կնեղացնի, կպատժի իր ենթակայությամբ աշխատող բարեկամիդ, հարազատիդ: Քաղաքականություն վերադառնում եմ նաեւ այս մթնոլորտը փոխելու ցանկությամբ: Ինչքա՞ն կարելի է լռենք, իմ ասածը սա է: Ես սա նշում եմ, որ իմ իշխանությունը, երկրի նախագահն իմանա` իրական վիճակը մեզանում այսպիսին է: Ղեկավարները պետք է միջոցներ ձեռնարկեն… մարդիկ չորրորդ երեխան են ունենում, որ խանութի պարտքերը տան կամ ինքնաթիռի տոմս գնեն ու հեռանան: Նման փաստերն ասելով ու արձանագրելով իրավիճակը` այն շտկելու, լուծման առաջարկներ եմ անում: Սրանք արհամարհվում են:
-Բայց Ձեր ամենամտերիմ ընկերոջը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչո՞ւ չեք դիմել, փորձե՞լ եք նրա հետ եւս հանդիպել:
-Ինքը երբեք իմ ամենամտերիմ ընկերը չի եղել, ինքը եղել է իմ գործընկերը 1990-95թթ. խորհրդարանում: Մի քանի տարի նվիրումով համագործակցել եմ «Նիգ-Ապարան»-ի շրջանակներում: Բայց երբ հասկացա, որ այս կառույցը, հայտարարված նպատակներց բացի, գործող իշխանության քաղաքական շահերը սպասարկելու համար է ստեղծվել, ես հեռացա: Հարգանքով վերաբերվել եմ նրան ու նրա թաղապետ եղբորը, այնքանով, որքանով իրենք են իմ նկատմամբ հարգանք ունեցել:  Իսկ Ռուբեն Հովսեփյանի` իմ նկատմամբ վերջերս դրսեւորած «հարգանքն» ինձ կստիպի, որ առաջիկա ընտրություններում` 6-րդ ընտրատարածքում, ես ակտիվորեն պաշտպանեմ նրա մրցակից Արմեն Մարտիրոսյանին «Ժառանգություն»-ից: Ինչո՞ւ: Կիմանաք նախընտրական քարոզարշավի ընթացքում:
-Արդեն որոշե՞լ եք, որ կուսակցության շարքերն եք ընդգրկվելու, ո՞վ է ընտրությունների ժամանակ Ձեր թեկնածությանը սատարելու:
-Որեւէ կուսակցության նման խնդրանքով չեմ դիմել, դա նրանց որոշելիքն է: Ես արդեն 5 տարի է` կուսակցական չեմ, կյանքումս (բացի 10 տարի անց ինքնալուծարված «Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միություն»-ից, որի հիմնադիրներից եմ եղել) 10 ամիս եմ կուսակցական եղել, մինչեւ վերջ, մինչեւ իրենց վերաբերմունքի փոփոխությունը թե՛ հայտարարած սկզբունքներին, թե՛ իմ նկատմամբ, հավատարիմ եմ մնացել այդ սկզբունքներին ու կուսակցական ընկերությանը: Ինձ ու ինձ նմաններին նեղացնելով` նրանք «արեւի տակ» տեղ գտան, լավ արեցին: Այս ընտրություններին առանց անդամակցելու կհամագործակցեմ այն ուժերի հետ, որոնք կհամաձայնեն պայքարել ցեղակլանային ռասսայության դեմ` երկրի տնտեսությունում ու կադրային քաղաքականությունում, դատաիրավական բանդիտիզմի դեմ` արդարադատության ասպարեզում, դրամավարկային վամպիրության դեմ` բանկային ոլորտում, եւ կողմ կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս