ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՐՈՊԵ
Կառավարությունը մտադիր չէ պատժել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, ով, լինելով կառավարության հեղինակած օրինագծի հիմնական զեկուցող, նախօրեին ուշ էր գնացել խորհրդարան եւ արդյունքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ օրվա նիստն ավարտել էր նախատեսվածից 20 րոպե շուտ, այդպիսով խախտելով Աժ կանոնակարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե մտադիր եք արդյոք վերաբերմունք արտահայտել Միրումյանի քայլի նկատմամբ, նշեց. «Ոչ, քանի որ որեւէ մեկը չէր ակնկալում, որ փաթեթում ներառված հինգ կարեւոր օրենքների հետ կապված որեւէ ելույթ չի լինի»: Ի դեպ, Միրումյանն էլ ԱԺ-ում լրագրողներին ասել է, թե իրեն խորհրդարանից զանգել ու նախագիծը զեկուցելու են կանչել 17.34 րոպեին, եւ 7 րոպե անց ինքը եղել է խորհրդարանում: Հիշեցնենք, որ Է.Շարմազանովը փոխնախարարի ուշանալու կապակցությամբ ասել էր, որ ինքը 5 րոպեից ավելի չի սպասի: Փաստորեն, քիչ մնաց 2 րոպեն մի կաթիլ մեղր դառնար խորհրդարանի ու կառավարության հարաբերություններում:
ՀՀԿ-Ն 12-ԻՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ
Քառյակի՝ 12 կետանոց պահանջների հրապարակումից անմիջապես հետո ՀՀԿ-ականներն, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, շտապեցին ողջունել այն՝ հայտարարելով, որ իրենք մտադիր են կատարել նման կառուցողական առաջարկները, մինչդեռ ՀՀԿ ԳՄ նիստում ընդդիմությանը գովերգելու համար ՀՀԿ-ականներին Սերժ Սարգսյանի հանդիմանությունից հետո, վերջիններիս տեսակետը 180 աստիճանով փոխվել է ու հիմա նրանք մերժողական են տրամադրված նույն պահանջների նկատմամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժողովուրդ»-ի հարցին՝ թե Քառյակի պահանջները ողջունելուց հետո հիմա ինչու են մտափոխվել, ասաց. «Հիմա էլ ենք ողջունում: Ասել ենք՝ կքննարկենք: Բոլոր կետերը մեկ առ մեկ քննարկվել է, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը յուրաքանչյուր հարցի շուրջ»:
ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՀԵՏԵՎԻՑ
«Ժողովուրդ»-ի՝ նախօրեի համարում տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո 24 մլն դրամ էր նախատեսվել կահույք գնելու համար: Եվ ահա, «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դաձավ, որ կառավարությունը այս անգամ էլ որոշել է «վարագուրվել» եւ ՀՀ պետական բյուջեից 950 հազար դրամ կամ ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար: Վարագույրները ձեռք են բերվել անհատ ձեռներեցից, ընդ որում՝ այդ գումարով գնվել է ընդամենը 3 հատ վարագույր. երկուսը՝ 375 հազար, մեկը՝ 200 հազար դրամով: Իհարկե, կառավարության վարագույրների գումարը՝ նույն նպատակով նախագահի նստավայրի ծախսած գումարի համեմատ չնչին թիվ է. 2009թ. նախագահականը 4.5 մլն դրամ էր տրամադրել վարագույրներ գնելու համար: