ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԼՈՒՍՏՆ ԸՆԿԱՎ ԴՌՆԵԴՈՒՌ

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը երեկ հերթական տհաճ անակնկալը մատուցեցին ՀՀԿ-ին: ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները պարզապես չգրանցվեցին ԱԺ արտահերթ նիստին ու քվորումի պատճառով այն նախատեսված ժամին չսկսվեց. անհրաժեշտ 66 հոգու փոխարեն գրանցվել էր 63-ը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին սպառնաց, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա արտահերթը կանցկացվի նաեւ հաջորդ շաբաթվա ընթացքում: Մոտ կես ժամ անց ՀՀԿ-ն բերման ենթարկեց իր ողջ «արսենալը»՝ եւս երեք հոգի ու կարողացավ նիստը սկսել նվազագույն՝ 66 պատգամավորով: Հատկանշական է, որ ՀՀԿ-ականներին քվորում ապահովելու հարցում օգնեց ինքն իրեն ընդդիմադիր համարող Խաչիկ Քոքոբելյանը, ով ՀՀ տարբեր բնակավայրերում քարի հանքերի ու հէկ-երի սեփականատեր է: Այսինքն՝ նրա 1 ձայնը եղավ վճռորոշ ՀՀԿ-ի համար: Ավելի ուշ նա հայտարարել է, թե ոչ իշխանական ուժերն իրեն տեղյակ չեն պահել քվորումը տապալելու իրենց նախաձեռնության մասին, ու ինքը չի իմացել, որ չպետք է կոճակը սեղմի: Այնինչ, Քառյակի ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեցին, որ ԱԺ դահլիճում ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը տեսնելով, որ քվորում չկա, Խաչիկ Քոքոբելյանին ու Ալեքսանդր Արզումանյանին ասել է՝ «քվորում չունեն, դուք էլ մի գրանցվեք»: Արզումանյանը չի գրանցվել, իսկ ահա Քոքոբելյանը կարեւոր պահին կանգնել է ՀՀԿ-ի կողքին:

ԳԱԶԸ ԿՏՐԵԼ ԵՆ, ՈՐ ԹԱՆԿԱՑՆԵՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 20.00-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիսի հատվածում վթար է տեղի ունեցել ու մոտ երկու օր Արցախում գազ չի լինելու: Ստեփանակերտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ գազալցակայանները չեն գործում, ինչի համար քաղաքում շատ քիչ են աշխատում տաքսի ծառայությունները: Արցախցիները մեզ հետ զրույցում վրդովված հայտարարեցին, որ առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալու է՝ նշելով, որ նման դեպք եւս մեկ անգամ եղել է, երբ գազի մատակարարումը ժամանակավոր դադարել է, այնուհետեւ հայտարարվել է, որ գազի գինը թանկացել է: Մարդիկ արդարացիորեն մտավախություն ունեն, որ ժողովրդի գլխին կրկին հին խաղն են խաղում, վրդովված շեշտելով, որ, ի վերջո, այս ամենը պետք է չափ ունենա:




Լրահոս