ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՂԱՎՆԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի իրավապահների շրջանում «ինստրուկտաժն» արված է: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շաբաթ օրն այցելեց Գյումրի: Շիրակի մարզային ոստիկանությունում տեղի ունեցավ երկուժամանոց փակ խորհրդակցություն, որտեղ լրագրողների մուտքն արգելված էր:
Ոստիկանապետը  չթաքցրեց, որ ընտրություններն իրենց հետաքրքրությունների կենտրոնում են լինելու, եւ որ փակ խորհրդակցության ժամանակ «դուխ է տվել» ոստիկաններին` կապված առաջիկա ընտրությունների հետ. «Իհարկե ոստիկանապետը եկել է դուխ տալու: Դա ոստիկանապետի ուղղակի պարտականությունն է` ոգեւորել անձնակազմին ե՛ւ խոսքով,  ե՛ւ գործով, ե՛ւ սեփական օրինակով: Իհարկե, ես  եկել եմ նաեւ, որ ընտրությունների համար խոսեմ, որովհետեւ դա ոստիկանության ամենակարեւորագույն գործառույթն է լինելու մի քանի ամսից»: Վլադիմիր Գասպարյանի տրամաբանությամբ` որպես ազատ եւ թափանցիկ ընտրությունների օրինակ կարող են ծառայել փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունները,  մասնավորապես` Հրազդան քաղաքում: Ասել է թե` ոստիկանությունը գալիք համապետական ընտրություններին աշխատելու է հենց այնպես, ինչպես Հրազդանում: «Ոստիկանությունն իր առաջին քննությունը հանձնեց: Ոստիկանությունը չունեցավ ոչ մի արտակարգ իրավիճակ: Իհարկե, ինձ մտահոգում են ընտրությունները, ինձ մտահոգում է նաեւ մեր պատրաստվածությունը: Ես ընդունել եմ ԵՄ նոր դեսպանին: Հենց նրանից էլ ստացել ենք գնահատական ընտրությունների ժամանակ մեր աշխատանքի վերաբերյալ: Համոզվա՛ծ եղեք, որ մայիսին ավելի լավ ենք պատրաստված լինելու ընտրություններին, բոլոր պայմանավորվածությունները ձեռք ենք բերել»,-ասաց ոստիկանապետն ու ծիծաղեց: Իսկ թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, չմանրամասնեց:
Նշենք, որ ոստիկանապետի կարգավիճակում Վովա Գասպարյանն առաջին անգամ էր Շիրակի մարզում, որտեղ մինչ այդ կադրային փոփոխություններ էր կատարել` Երեւանից ուժայիններ գործուղելով. Շիրակի մարզի ոստիկանության պետ նշանակեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին, իսկ Գյումրու քաղաքային ոստիկանության պետ` Վարուժան Շաշիկյանին, ով զբաղեցնում էր ոստիկանության էրեբունու բաժնի քրեական բաժանմունքի պետի պաշտոնը: Ինչո՞վ էին պայմանավորված կադրային այս փոփոխությունները: «Կադրային քաղաքականության արդյունքում ոմանք գնացին համակարգից, իրենք գնացին` հասկանալով, որ իրենց սպառել են, եւ համակարգն իրենց չի ընդունում: Նրանք այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, շուրջ 20 հոգի»:
Վլադիմիր Գասպարյանը  խոսեց նաեւ նոր համազգեստի մասին` շեշտելով, որ  այն  նորոգելուց բացի, իրենք փորձում են փոխել նաեւ համազգեստը կրողին. «Համազգեստի մեջի պարունակությունը պետք է համահունչ լինի էն արտաքին տեսքին, որը մենք մտածում ենք, որ տարիներ շարունակ մեր իսկ անփութության պատճառով մենք խլել ենք մեր համազգեստից, ինչի իրավունքը մենք չունեինք: Հիմա ոստիկանությունը ոստիկաններին վերադարձնելու ժամանակն ա, ոստիկանություն նոր որակական փոփոխություն բերելու ժամանակն ա»:  Վլադիմիր Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ զինանշանը աղավնու տեսքով է լինելու. «Դա հին Կիլիկիո ավետարանից վերցված սուրբ հոգու նշանն է»: Ըստ ոստիկանապետի` դա սիմվոլն է այն բանի, որ ոստիկանը չպետք է ահ ու սարսափ ներշնչի, այլ ճիշտ հակառակը` պետք է լինի պահապան, օգնական:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս