ԱԺ այսօրվա նիստը խոստանում է բավականին թեժ լինել. երեկ օրվա վերջում խորհրդարանը սկսեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագծի քննարկումները: Հիմնական ելույթները սպասվում են այսօր, եւ դատելով մի կողմից՝ նախագծի թերություններից, մյուս կողմից՝ ոչ իշխանական պատգամավորների տրամադրություններից, կարելի է միանշանակ պնդել՝ այսօր ԱԺ դահլիճում քննադատությունների պակաս չի լինի: Ավելին, կառավարության ներկայացրած նախագիծը հավակնում է իր նախորդի ճակատագրին, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական:
ԱԺ ներկայացրած նոր նախագծից կառավարությունը հանել է պարտադիր կուտակային բաղադրիչը, փոխարենը ավելացրել է պարտադիր նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը՝ մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար դարձնելով 5 տոկոս՝ մինչեւ 25 հազար դրամ: Ասել է թե՝ կառավարությունը քաղաքացիներից շարունակելու է պահել նույն գումարը, բայց արդեն՝ այլ անվան տակ: Պահպանվել են նաեւ ընդհանուր սկզբունքները՝ սոցիալական վճարները կատարելու են 1974թ. հունվարի 1-ին ու դրանից հետո ծնված աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Միակ տարբերությունն այն է, որ այս համակարգը սկզբում տարածվելու է միայն պետական աշխատողների վրա, իսկ նրանց թիվը պաշտոնական տվյալներով, կազմում է 65 հազար հոգի: Մասնավոր հատվածի աշխատողների վրա օրենքը կտարածվի երեք տարի հետո՝ 2017թ. հուլիսից: Փաստորեն, բացի այն, որ իշխանությունները փորձում են տնօրինել ՀՀ քաղաքացու ունեցվածքն ու եկամուտները, մյուս կողմից՝ բացահայտ խտրականություն են դնում պետական եւ մասնավոր հատվածի աշխատողների միջեւ, մի բան, որն իր էությամբ հակասահմանադրական է, քանզի Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առաջ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ համոզում էր, որ առաջիկայում սպասվում է պետական ծառայողների աշխատավարձերի ավելացում, ուստի՝ նրանք ֆինանսապես չեն տուժի, եթե նոր օրենքի համաձայն, պարտադրված լինեն ավելի շատ սոցվճար մուծել: Այլ կերպ ասած, ստացվում է, որ աշխատավարձը թղթի վրա դե յուրե ավելանում է, բայց փաստացի դե ֆակտո աշխատողը շարունակելու է ստանալ նույն գումարը, ինչ հիմա է ստանում, լավագույն դեպքում՝ մի փոքր ավելի: Խոստովանենք՝ սա կառավարության հերթական ժուլիկությունն է ու սրանով իշխանությունը պարզապես ծաղրում է ՀՀ քաղաքացիներին՝ ցույց տալով, թե խնդրին լուծում են տվել, բայց իրականում համառորեն շարունակելով գրպանել փողերը:
Կառավարության այս քայլը, սակայն, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում հենց իշխանությունների համար: Պետական հատվածի աշխատողներին պարտադրելով ավելի շատ սոցիալական վճար մուծել, իշխանությունները խուլ դժգոհություններ կհարուցեն, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, մանավանդ, եթե նպաստավոր քաղաքական իրավիճակ ստեղծվի:
Ի դեպ, կառավարության ներկայացրած նախագծում կան նաեւ զավեշտալի դրույթներ: Պարզվում է՝ նախագծի հեղինակները փոփոխություններ են արել միայն օրինագծի առաջին ու վերջին մի քանի գլուխներում, իսկ նախագծի մյուս հատվածները տառացիորեն կրկնում են հակասահմանադրական օրենքը՝ իր ողջ տերմինաբանությամբ հանդերձ: Օրինակ՝ ե՛ւ գործող օրենքում, ե՛ւ նախագծում 8-րդ գլուխը վերնագրված է. «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումը» եւ երկու տեղում էլ տեքստերը նույնն են: 9-րդ գլուխը եւս կրկնվում է. վերնագրված է «Ծառայությունների համար վճարները» եւ վերաբերում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարներին ու կատարվող ծախսերին: Այնինչ, նկատենք, որ նախագծի ողջ նպատակը եղել է պարտադիր կենսաթոշակային համակարգը հանելն ու դե յուրե այն «սոցիալական վճար» ձեւակերպելը:
Նախագիծը ներկայացնելիս երեկ Արտեմ Ասատրյանը փորձում էր համոզել, թե իրենց առաջարկած տարբերակն ընդունելի է «Դեմ եմ» շարժման անդամների համար: ՀՀԿ-ական պատգամավոր Ս.Ֆարմանյանի հարցին, թե կառավարությունն արդյոք քննարկել է Քառյակի ու «Դեմ եմ» շարժման առաջարկություններն ու մտահոգությունները, Ասատրյանը հպարտ ձայնով պատասխանեց. «Այո, բոլոր մտահոգությունները հաշվի են առնվել»: Սակայն Քառյակի ներկայացուցիչներից ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը շտապեց տեղից հերքել. «Մի մոլորեցրեք, այդպես չէ»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց տալուց Արտեմ Ասատրյանին հիշեցրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշումը: «Ես չեմ հասկանում, ՍԴ-ի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար, ակնհայտ խախտումներն ու խտրականությունը չե՞ք տեսնում, դրա համար հատուկ փորձագետնե՞ր են պետք, թե՞ դուք կարծում եք, որ միեւնույն է՝ ՍԴ-ն գտնվում է Ձեր գրպանում եւ էս անգամ էդ խտրականությունն այլեւս հակասահմանադրական չէ»,-ասաց նա:
Հ.Գ. Ի դեպ, այս ամենը հիշեցնում է հայտնի անեկդոտ. ամուսինը, տեսնելով, որ կինն ամեն օր կոլոլակով ճաշ է եփում, դժգոհում է: Հաջորդ օրը կինը նրա համար տոլմա է պատրաստում: «Էդ ո՞ւմ ես միամիտի տեղ դրել: Կաղամբով ես փաթաթել, որ չճանաչե՞մ»,- զայրանում է ամուսինը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ