ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես տեղյակ չեմ՝ երեկ ինչ է ասել Շարմազանովը: Երբ ինձ տեղեկացրել են զեկույցի մասին, ես տեղեկանալուց 7 րոպե անց եղել եմ ԱԺ-ում»:

Վախթանգ Միրումյան Yerkir.am

Հետաքրքիր է: Չէ՞ որ հենց Վախթանգ Միրումյանի ուշացման պատճառով ԱԺ փոխնախագահը, խախտելով ԱԺ կանոնակարգը, նիստը սահմանված ժամից շուտ դադարեցրեց: Իսկ փոխնախարարն ասում է, որ տեղյակ չէ: Այդ դեպքում ինչից է, ընդհանրապես, տեղյակ ֆինանսների փոխնախարարը, եւ եթե նման բաներից էլ տեղյակ չէ, ապա որպես ի՞նչ է նման պաշտոն զբաղեցնում: Սա կարող է փաստել ընդամենը մեկ բանի մասին, որ պետական պաշտոնյաները, թերեւս, գիտեն, որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում, դրա համար էլ հարկ չեն համարում իրենց նեղություն տալ եւ զուր տեղն «անիմաստ» տեղեկատվությամբ ծանրաբեռնել իրենց բազմազբաղ գլուխը:

 

«Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր է»։

Արմեն Մովսիսյան «Ժամանակ»

Դե իհարկե, էներգետիկայի նախկին նախարարի համար թանկացումը հիմնավոր պիտի լինի, քանի որ հենց իր պաշտոնավարման ժամանակ է որոշում կայացվել ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամկետների մասին, ինչի արդյունքում ՀԷՑ-երը իբր թե վնաս են կրել, եւ այդ վնասը, չգիտես ինչու, պետք է փոխհատուցեն քաղաքացիները: Այսօր արդեն հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոն զբաղեցնող Ա. Մովսիսյանը հանգիստ խղճով հիմնավոր է համարում իր եւ իր գործընկերների ապաշնորհ գործունեության արդյունքում առաջացած թանկացումը, քանի որ իր արած «ղալաթ»-ների համար փոխհատուցողը ինքը չի լինելու:

 

«Ռուսական դպրոցների թիվը զգալիորեն կրճատվել է: Ժամանակակից հայ երիտասարդն այսօր ռուսերենին հատկացնում է քիչ տեղ: Ինձ ապշեցրեց այն հանգամանքը, որ 20-ամյա տաքսու վարորդը ռուսերենով տարրական հաշվարկի մեջ խճճվեց…»:

Դմիտրի Կիսելյով ԳԱԼԱ

Փաստորեն Կիսիլեւն անհողդողդ շարունակում է կրկնել նույն բարբաջանքները: Հավանաբար, նա զգում է, որ իր հասցեին դեռ ամբողջությամբ չեն ասել այն ամենը, ինչ մտածում են, կամ էլ ուզում է տեսնել, թե էլ ով պաշտպանելով իրեն` կհամալրի պնակալեզների շարքը: Ցավալի է, սակայն, որ այդպես էլ որեւէ մեկը, փոխադարձ վիրավորանքներից դուրս, Կիսիլեւին չհարցրեց, թե՝ հարգելիս, ինչու պետք է անկախ պետության տաքսու վարորդը պարտադիր իմանա մեկ այլ պետության ներկայացուցչի լեզուն: Եղբայր, գալիս ես Հայաստան, բարի եղիր տաքսիստների հետ շփվելու համար բավարար հայերեն սովորել:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս