ԳԵՂԱՇԵՆՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ից ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում բրուցելոզ հիվանդության պատճառով շուրջօրյա հսկողություն է սահմանվել: Այս պահին հստակ հայտնի չէ, թե քանի անասուն է ենթարկվել հարկադիր սպանդի, սակայն այդ թիվը հասնում է մի քանի հարյուրի: Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանի հրահանգով այս կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կհաշվարկի տուժածների կրած վնասի չափը եւ օգնություն կտրամադրի նրանց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Կոտայքի փոխմարզպետ Ալբերտ Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով մարզի մյուս համայնքներում ստուգումներ, ուսումնասիրություններ անցկացվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Ամբողջ հանրապետությունով մեկ պլանային ստուգումներ են անցկացվում: Գեղաշենում կարանտինը, որով սահմանափակում ենք կենդանիների տեղաշարժը, համապատասխան որոշումով հունիսի 5-ին է սահմանվել: Թեեւ այս պահին կանխարգելման միջոցառումներ են անցկացվում, այնուամենայնիվ` հիվանդ կենդանիներիրն պետք է սպանդի ենթարկենք: Մեր առջեւ հիմա խնդիր ենք դրել, որ կանխենք հիվանդության տարածումը եւ լիկվիդացնենք հիվանդության օջախը: Իհարկե մյուս համայնքներում հիվանդ կենդանիների թիվը փոքր է եղել՝ չորս կամ հինգ անասուն: Պարզապես Գեղաշենում անասնագլաքանակն է մեծ:
-Այս պահի դրությամբ քանի՞ կենդանի է հարկադիր սպանդի ենթարկվել:
-Հիմա թվեր նշելը սխալ կլինի, քանի որ կենդանիների թվաքանակը շատ է, այդ պատճառով էլ կրկնակի կամ քառակի է նմուշառում կատարվում:
-Այնուամենայնիվ, պարոն Ղազարյան, ինչո՞ւ եք խուսափում հստակ թիվ նշելուց:
-Գործընթացը շարունակական է եւ վերջում միայն հայտնի կլինի, թե ընդամենը քանի կենդանի է հարկադիր սպանդի ենթարկվել:
-Խոսքը մի քանի տասնյա՞կ, թե՞ մի քանի հարյուր կենդանու մասին է:
-100-ից ավելի կենդանի է սպանդի ենթարկվել: Բայց կոնկրետ թիվ չեմ կարող նշել, քանի որ կարանտին է հայտարարված եւ վերջում միայն կարող ենք թվերով խոսել: Իսկ հիմա կենդանիներից կրկնակի նմուշառման մասով աշխատանքներ են ընթանում: Հայտնաբերված դեպքերում մեկուսացնում ենք, ապա հարկադիր սպանդի ենթարկում եւ ախտահանելու միջոցով վերացնում միկրոբները:
-Մարզպետի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի եւ պարզի, թե տուժածներն ինչ չափի վնաս են կրել: Այս մասով աշխատանքները ո՞ր փուլում են, ի վերջո, փոխհատուցում տրվելո՞ւ է:
-Փոխհատուցում այս հիվանդության մասով նախատեսված չէ:
-Այդ դեպքում, ինչո՞ւ է աշխատանքային խումբ ստեղծվել:
-Մենք նմանատիպ հարցեր քննարկել ենք, նաեւ օրակարգում կա սոցիալապես անապահով խավին որոշակի օգնություն, արտոնություն հատկացնելու ծրագիր: Դա կլինի սոցիալական ծրագրերի միջոցով, որով կօգնենք վնաս կրած գյուղացիներին: Նաեւ, ինչու ոչ, եթե համայնքապետարանը կամ մարզպետարանը հնարավորություններ ունենան օգնություն տրամադրելու, ապա դա կարվի:
-Իսկ օգնությունն ի՞նչ տեսքով կլինի` գումարի՞, անասունի՞:
-Սոցիալական ծրագիրը տարաբնույթ է: Գուցեեւ դրամական տեսքով լինի: Այստեղ կարող են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումները մասնակցություն ունենալ: Բրուցելոզի դեմ պայքարի շրջանակներում զուգահեռ պետք է տրվեն նաեւ այդ հարցերի լուծումները:
-Այդ մարդկանց եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է: Եվ ահա ի հայտ եկած հիվանդության պատճառով իրենք ստիպված են զրկվել իրենց ունեցվածքից:
-Չէ, դա այդքան էլ այդպես չէ: Գեղաշենում մարդիկ ինտենսիվ անասնապահությամբ են զբաղվում: Այո, կարող են լինել եւ կան հաշված ընտանիքներ, որոնց ապրուստի միակ աղբյուրը, կարելի է ասել, անասունն է: Բայց մեծ մասն ունի ֆերմերային տնտեսություններ, որոնք ունեն հարյուր գլուխ անասուն եւ բրուցելոզի պատճառով կորցրել են ընդամենը 5-10 անասուն: Եթե գյուղատնտեսական ապահովագրություն լիներ ու այն գործեր մեր երկրում, ապա շատ լավ կլիներ, այս հարցն էլ արագ կլուծվեր: Բայց նույն հողագործության ոլորտում էլ մարդիկ ցորեն, գարի են ցանում եւ կարկուտի հետեւանքով ամբողջը փչանում է: Եվ ամեն անգամ չէ, որ պետությունը կարող է փոխհատուցել:
-Այս շրջանում գյուղացիներն իրենց անասուններին տանում են արոտավայրեր: Բայց հիմա, քանի որ Գեղաշենում կարանտին է սահմանված, արգելվում է կենդանիների տեղաշարժը: Արդյունքում, գյուղացին կրկնակի է տուժում. նա հիվանդության պատճառով կորցնում է ոչ միայն իր անասունին, այլեւ մյուսներին կերակրելու համար ստիպված է լինում թանկ գնով անասնակեր գնել: Այս հարցը քննարկե՞լ եք հանձնաժողովում:
-Այն անասունները, որոնք չեն ստուգվել, դրանց չենք թույլատրում արոտավայրեր տանել: Իսկ ստուգված անասունները, որոնց մոտ չի հաստատվել բրուցելոզ տեսակի հիվանդությունը, ուղարկվել են արոտավայրեր: Բայց եղել են մարդիկ, ովքեր գաղտնի պահելով` իրենց հիվանդ անասուններին փախցրել են արոտավայրեր: Այս գործողությունների մեջ տնտեսական խնդիր չկա, բայց եթե հիվանդ կենդանին մնա գյուղում, ապա այն ավելի մեծ վնաս կհասցնի նույն շրջապատին: Իսկ բրուցելոզի կանխարգելման, վերացման միակ ճանապարհը հարկադիր սպանդն է: Եթե կան սոցիալապես անապահով մարդիկ, ապա այդ մարդկանց օգնելու նպատակով ինչ-որ լուծում կտրվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս