2010 թվականի գարնանը մի քանի երիտասարդների մոտ առաջացավ Երեւանում առաջին ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարը: Նրանք իրենց խումբն անվանեցին «Ֆլեշմոբ Դիվիզիա» եւ ձեռնամուխ եղան ֆլեշմոբի մշակույթի տարածմանը: Թե ինչ է իրենից ներկայացնում ֆլեշմոբը եւ ինչքանով է այն այսօր Հայաստանում մասսայական` «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց «Ֆլեշմոբ Դիվիզիայի» համահիմնադիր Արամ Գրիգորյանը:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում դասական ֆլեշմոբը:
-Անգլերենից եթե թարգմանենք, բառացի ստացվում է «կայծակնային ամբոխ»՝ Flash-կայծակ եւ mob-ամբոխ: Ֆլեշմոբն իրենից ներկայացնում է միջոցառում, որը նախoրոք կազմակերված, ծրագրված է, սակայն իր էֆեկտը սպոնտան է: Որեւէ հասարակական վայրում հանկարծակի հավաքվեց մարդկանց ինչ-որ մի խումբ, անսպասելի իրականացրեց ինչ-որ մի խելառ կամ ոչ խելառ գործողություն ու արագ հեռացավ` ասես ոչինչ չի էլ եղել. սպոնտան տպավորություն է թողնում: Օրինակ, երբ թատրոնում ներկայացումն ուշանում է, մեկը սկսում է ծափահարել, հետո նրան միանում են եւս 3 հոգի, հետո 10 հոգի ու հետո ամբողջ դահլիճն է սկսում ծափահարել: Ֆլեշմոբն իր մեջ կրում է որոշակի մեսիջ, բայց արվում է հանկարծակի, որպեսզի զարմանք եւ ուրախություն առաջացնի կամ ժպիտ պարգեւի անցորդներին:
-Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում «Ֆլեշմոբ Դիվիզիան» ստեղծելու գաղափարը:
-2010 թվականին իմ ընկերները որոշեցին Հայաստանում ինչ-որ այլընտրանքային ակցիա կազմակերպել: Ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի 95-ամյակի, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նույն ժամին տարբեր կողմերից հավաքվեցին 95 երիտասարդներ, քառակուսու մեջ շարքերով կանգնելով, պաստառների միջոցով ստացան 95 թիվը. շատ տպավորիչ էր: Իսկ երբ առաջին անգամ արեցինք բացօթյա ընթերցանության ֆլեշմոբը, Ադրբեջանում հավանեցին, փորձեցին իրենց մոտ էլ նմանատիպ բան անել, բայց չստացվեց, քանի որ ոստիկանությունը ցրել էր ֆլեշմոբ իրականացնող խմբին: Հետո առաջարկ ստացվեց համատեղ իրականացնել, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով չիրականացվեց:
-Իսկ ինչպե՞ս ֆլեշմոբի մշակույթը թափանցեց Հայաստան:
-Ֆլեշմոբի գաղափարը եկավ արտասահմանից եւ մեզ մոտ տարածում գտավ մոտ 4 տարի առաջ: Աշխարհում ամենաշատ թվով ֆլեշմոբեր տեղի են ունենում Ուկրաինայում, իսկ, օրինակ, Բելառուսում արգելել են ֆլեշմոբերը. մենք այդ խնդիրը չունենք: Մի այսպիսի հետաքրքիր փաստ նշեմ. աշխարհի ամենամեծ ֆլեշմոբն իրականացվել է «Black eyed peas» խմբի համերգին, երբ 22000 մարդ համերգի ժամանակ միաժամանակ պարում էին նույն պարը: Այն հիմնականում երիտասարդների մեջ է տարածված, բավարարում է այն երիտասարդների պահանջները, ովքեր ավելի նոր, ուրախ ու խենթ բաներ են ուզում: Ավագ սերունդը շատ դեպքերում չի ընդունում նորամուծություն:
-Ինչքանո՞վ է ֆլեշմոբն այսօր Հայաստանում տարածված եւ ընկալվող մշակույթ:
-Ֆլեշմոբը բավականին մասսայական է: Մենք աշխատում ենք միջոցառումները չկենտրոնացնել միայն Երեւանում, այլ տարածել մարզերում. կոորդինատորներ ունենք Վանաձորում, Գյումրիում: Բացի այդ, եթե առաջ հարցնում էին՝ ինչ ես անում, ինչով ես զբաղվում, ասում էի՝ ֆլեշմոբեր եմ անում, հարցնում էին` դա ինչ է, իսկ հիմա միանգամից հասկանում են` ինչի մասին է խոսքը:
-Ի՞նչ նոր միջոցառումներ եք նախատեսում:
-Ասեմ, որ ֆլեշմոբի «համեմունքը» հենց այն է, որ ոչ ոք չպիտի իմանա, թե ինչ է կազմակերպվելու. այդ մասին իմանում են միայն դրա մասնակիցները: Հիմա սկսել ենք նաեւ սոցիալական թեմաներով միջոցառումներ իրականացնել, օրինակ` վերջերս հակածխախոտային ակցիաներ արեցինք: Կարող եմ ասել միայն, որ ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունեցող միջոցառումներ ենք նախապատրաստում:
ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ