ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի երեխային գիշերօթիկ հաստատություն տեղավորեն:
Մարինե Պետրոսյան (37 տարեկան, գործազուրկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխային գիշերօթիկ հաստատություն տեղավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
դիմում,
ծննդյան վկայական (բնօրինակը եւ պատճենը),
բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին,
բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,
տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (եթե առկա է),
ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013թ. ընթացքում ցերեկային խնամք է տրամադրվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 100 երեխայի: Առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 20 երեխայի: Ցավալիորեն դեռեւս շատ են ծնողների խնամքից լիովին կամ մասնակիորեն զուրկ երեխաները, որոնց նկատմամբ պետական հոգածությունը դեռ շատ հեռու է բավարար լինելուց:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բնականոն գնաճը:
Սլավա Դավթյան (37 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնականոն գնաճն այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ` մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը` պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ օրինակ` միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման: Օրինակ՝ 2009 ընդհանուր գնաճը կազմել է 6.5%, բնականոն գնաճը` 5.3%: Տարբերությունը` 1.2 տոկոսային կետը կոմունալ ծառայությունների սակագների աճով էր պայմանավորված: 2010թ. ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը` 6.3%: Տարբերությունը` 3.1 տոկոսային կետը պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա: Ներկայում ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը, եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին` գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ գնաճ է գրանցվել 470 անուն ապրանք-ծառայություններից 325-ում: Ի դեպ, այս տարվա մայիսին ապրիլ ամսվա համեմատ գրանցվել է 10,8 % գնանկում, բայց նախորդ 5 ամիսների համեմատ 0,9% գնաճ է եղել: Մեկ ամսվա կտրվածքով պարենային 13 ապրանքախմբերից 6-ում արձանագրվել է 0,1% գնաճ: Մրգերի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքային խմբում գրանցվել է 12,5% գնաճ, որն ամենաբարձրն է:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ո՞րն է համարվում ապրանքի որակը, ու, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում ապրանքի որակի էական խախտումը: Ո՞րն է դա:
Էմմա Մատինյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաեւ այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո եւ նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքի, ծառայության) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքի, ծառայության): Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սովորաբար օգտագործվում է: Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն):
Շուկայի վերահսկողության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ խոսվում է ապրանքների որակի` սահմանված չափանիշներին համապատասխանության հսկողության մասին, փաստ է, որ սպառողական շուկայում չափազանց շատ են հանդիպում դեպքեր, երբ ներկայացված ապրանքն ու դրա որակական հատկանիշների մասին տեղեկատվությունը չեն համապատասխանում: