ՀՀԿ ՀԱՎԱՔ` ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կուսակցական այցով ժամանել էր Իջեւան: Նրան ուղեկցում էին ԱԺ հանրապետական պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Գագիկ Մինասյանը, Հակոբ Հակոբյանը (Տավուշի N 41 ընտրատարածք), ինչպես նաեւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Տ.Սարգսյանի ու մարզի ՀՀԿ-ական ակտիվի հանդիպումը կայացել է Տավուշի մարզպետարանում: Չնայած օրը կիրակի էր, ոչ աշխատանքային, սակայն մի՞թե  մարզպետարանի շենքը կուսակցական հավաքի հարմար տեղ է: Համայնքապետերից մեկը հողի հարկի պարտքերը չեղյալ համարելու կառավարության օրենսդրական նախաձեռնության մասին հարց է բարձրացրել` նշելով, որ դրանից տուժում են օրինապահ, հողի հարկը մուծած գյուղացիները: Մտավախություն կա, որ այսուհետ նրանք  եւս հարկ  չեն մուծի` ակնկալելով, որ  5 տարի անց` ընտրությունների շեմին,  իրենց  պարտքերը չեղյալ կհամարվեն: Վարչապետն ասել է, որ հողի հարկի պարտքը չեղյալ համարելու օրինագիծը դեռ պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, որ այն վերաբերում է միայն տույժ-տուգանքներին, ոչ թե բուն  պարտքերին:
Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը մտահոգություն է հայտնել Այրումի սողանքի գոտում վնասված ջրագծի վերականգնման ուշացման վերաբերյալ: Հիշեցնենք,  որ ինքնահոս այդ ջրագծով ոռոգվում է շուրջ 1000 հա, ոռոգման սեզոնն էլ Դեբեդի հովտում շուտ է սկսվում` մարտ ամսից: Վարչապետն ասել է, թե ջրագիծը կվերականգնվի միջպետական ճանապարհի՝ սողանքից քանդված հատվածի հետ: Տավուշի  համայնքների ղեկավարները վարչապետին առաջադրել  են  պետական բյուջեով դպրոցական շենքերի, գյուղերի մշակույթի տների, համայնքային ճանապարհների հիմնանորոգման խնդիրները: Հավաքի ավարտին Տ.Սարգսյանը  ՀՀԿ անդամատոմսեր է  հանձնել շուրջ 1 տասնյակ դպրոցների տնօրենների, բժշկական  եւ  պետական  հիմնարկների աշխատողների:




Լրահոս