Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունը վերջին տարիներին չէ, որ ձևավորվել է: Եվ հատկանշական է, որ այդօրինակ միջամտությունները բավականին ընկալելի են նաեւ միջազգային համապատասխան կառույցների համար:
Այդօրինակ միջամտության մասին է պատմում «Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը: Այն կազմել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Գոդֆրեյը: ԱՄՆ Պետդեպին ուղղարկված իր զեկուցագրում վերջինս մանրամասնորեն ներկայացնում է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Սերգեյ Իվանովի՝ 2007թ. ապրիլի 10-11-ին Հայաստան կատարած այցելությունն ու դրա հետապնդած նպատակները: Դիվանագետը քննարկում է ՌԴ համար Սերժ Սարգսյանի ընդունելիության խնդիրը:
Նկատենք, որ վերոնշյալ ռուս պաշտոնյան ժամանակին ՌԴ կառավարական շրջանակներում բավականին մեծ ազդեցություն ուներ եւ անգամ համարվում էր Պուտինի իրական իրավահաջորդը՝ ի հեճուկս Մեդվեդեվի: Հաշվի առնելով այս հանագամանքը՝ նախ եւ առաջ հարկ ենք համարում հիշեցնել, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում ընթանում էր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ինչն ավելի է կարեւորում Իվանովի այցելությունը: Ամերիկացի դիվանագետը նկատում է, որ
Իվանովի այցելությունը նախ պետք է դիտարկել Հայաստանի տնտեսական ու ռազմաքաղաքական հետաքրքրությունների տիրույթում. « Այս շարժառիթներով են հիմնականում պայմանավորվում ռուսների այցելությունները Հայաստան»: Գոդֆրեյի կարծիքով՝ Իվանովի հանդիպումը վարչապետի աթոռին հասած Սերժ Սարգսյանի հետ ակնհայտ է դարձրել այն հանգամանքը, որ Սարգսյանը լիովին ընդունելի է Մոսվայի համար՝ որպես 2008թ. նախագահական ընտրությունների հաղթող: «Ավելին՝ Սարգսյանը օգտագործեց հերթական հնարավորությունը՝ ցուցադրելու իր հավատարմությունը Մոսկվային՚:
Փաստաթղթի հետեւյալ հատվածը վերնագրելով «Ռուսական օգնությունը ճամպրուկի մեջ է»՝ Գոդֆրեյն արձանագրում է, որ այդ այցելությամբ Իվանովը ջանք չի խնայել ցուցադրելու իր ու Սարգսյանի անձնական ջերմ հարաբերությունները: Ամերիկացուն հատկապես գրավել է Իվանովի հետեւյալ ձեւակերպումը.«Սերժ Ազատովիչն ու ես միմյանց գիտենք երկար ժամանակ»:
Փաստաթղթի հեղինակը նկատում է, որ «Սերժ Սարգսյանին ուղղված Իվանովի ջերմ խոսքերը տեղ հասան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցելությունից հետո, որի ընթացքում նա նույնպես հաստատեց ռուսական լրատվական աղբյուրների հաղորդումները, թե համաձայն են Սարգսյանին տեսնել նախագահի պաշտոնում: Հետաքրքիր է, թե ինչպիսի ձեւակերպում է այդժամ արել Լավրովը. «Ռուսաստանի պաշտոնական մոտեցումը համապատասխանում է Ռուսաստանի ոչ պաշտոնական դիրքորոշմանը»: Կարելի է չկասկածել, որ հենց այս փուլից սկսած` Ռուսաստանը եռանդուն կերպով աջակցել է Սարգսյանին՝ համաձայնելով անգամ Մարտի 1-ի սպանդին, միայն թե նա կարգվի նախագահի պաշտոնում ու շարունակի հավատարմորեն ծառայել Ռուսաստանին:
Ամերիկացի դիվանագետը ուշադրություն է դարձրել հանդիպման հատկապես այն դրվագին, երբ լրագրողները հիշեցրել են ՌԴ խորհրդարանի խոսնակ Բորիս Գրիզլով՝ 2005թ. արած հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Իվանովը դիվանագիտորեն ընդամենն արձագանքել էր, թե Հայաստանը ՌԴ ռազմավարական գործընկերն է, մինչդեռ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն հաճոյանալով ռուսներին հայտարարել էր, թե Գրիզլովի խոսքերը թյուրըմբռնման արդյունք են:
Դիվանագետ Գոդֆրեյը նկատում է, որ եթե նախկինում կարող էր կասկած լինել Սերժ Սարգսյանի՝ Մոսկվային հավատարիմ լինելու հարցի շուրջ, ապա վերոնշյալ մամլո ասուլիսում նա փարատել է դրանք ու հայտարարել, որ ՆԱՏՕ-ի բազաների մուտքը Կովկաս կարող է նոր բաժանարար գծեր անցկացնել ու խաթարել տարածաշրջանի անվտանգությանը: Մեկնաբանության բաժնում Գոդֆրեյը նկատում է, որ թեպետ Սերժ Սարգսյանը Իվանովի այցի ժամանակ պնդել ու վերահաստատել է Ռուսաստանի հանդեպ իր հավատարմությունը, այնուամենայնիվ, Հայաստանի՝ կոմպլեմենտար հռչակված արտաքին քաղաքականությունն այդկերպ չի դադարում:
Ամերիկացուն հատկապես գրավել է Սարգսյանի՝ գրեթե նույն ժամանակամիջոցում արված մեկ այլ հայտարարություն. «Մենք ուզում ենք դառնալ եվրոպական ընտանիքի մաս. Հայաստանը ցանկություն ունի միանալ ԵՄ-ին, իսկ ՆԱՏՕ-ին միանալու մասին խոսք լինել չի կարող»: Դիվանագետը ենթադրում է, որ այս խոսքերն ուղղված էին գլխավորապես արեւմտյան շրջանակներին:
Մեր կողմից հավելենք, որ Հայաստանին վերագրված իր ցանկությունները Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին հրապարակայնորեն փոփոխեց ու հայտարարեց, թե հիմա էլ Հայաստանն ուզում է միանալ Եվրասիական ընտանիքին: Սերժ Սարգսյանի հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը որբ երեխա է, որն ամեն գնով ուզում է միանալ որեւէ ընտանիքի: Ի վերջո` հեղհեղուկ ու իրավիճակային լուծումների վրա հույսը դրած վարչակարգի պահվածքի արդյունքում Հայաստանն այսօր իրապես հայտնվեց որբացած ու անմխիթար վիճակում:
Նժդեհ Հովսեփյան