ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 1-ին պարզ կլինի, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունը գործարարներից ով ինչպես է կատարել: Պատգամավորը հավաստիացրեց, որ ինքը երբեւէ ստվերային դաշտում չի աշխատել:
-Պարոն Պետրոսյան, օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Աժ-ում արտահերթ կարգով ներկայացրեց կենդանիների վերաբերյալ օրենքի նախագիծ, ըստ որի՝ արգելվում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, տրամադրել, սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը՝ պոչերը, ականջները, առանց ցավազրկման կենդանուն ամորձատել, եղունգները հեռացնել եւ քարշ տալ: Ըստ Ձեզ, ՀՀ-ում նման օրենքն ինչպե՞ս է կիրառվելու:
-Բայց ով է դա ստուգելու, մի հատ զանգեք գյուղնախարարություն, հարցրեք, թե արդյոք ամեն կովի մոտ գյուղնախարարությունից մի հատ մարդ ե՞ք կանգնեցնելու (ծիծաղում է Ս. Գ.): Օրենքը երեւի վերցրել են միջազգային ստանդարտներով, որ այդպես պետք է լինի, արտագրել են, թարգմանել են, բերել են, որ մենք համապատասխանենք եվրոպական ստանդարտներին: Բայց ըստ ձեզ դա ո±նց պետք է լինի: Կովը կարող է գնա բողոքի, ասի՝ իմ ականջները քաշի՞ն, տենց բան դուք հավատո՞ւմ եք: Ես մտածում եմ, որ ձեւական ինչ-որ մի բան են ընդունել, որի վրա չի կարելի անգամ կենտրոնանալ, որովհետեւ, եթե ՀՀ օրենքով բողոքող չկա, ուրեմն մեղադրյալ էլ չկա: Ինձ չի թվում, թե կովը կարողա գա Երևան բողոքի, որ իր ականջները քաշել են:
-Բայց դրա համար տույժեր…
-Ինչ տույժեր պետք է լինեն, ով կարա ապացուցի: Եթե անգամ տույժ սահմանեն, ապա պետք է մեկը դիմի դատարան, բողոքի, որ մարդուն տույժի ենթարկեն: Կովը կարա՞ գա բողոքի: Ինձ թվում է, որ ինչ-որ մի բանի պահանջներն անելու համար դա էլ են արել, բայց ինքը պրակտիկորեն զրո կլինի, առանց հետեւանք: Ոչ էլ գյուղացիներն այդ օրենքին ուշադրություն կդարձնեն, որովհետեւ ինչ-որ մեկին տուգանելու կամ դատելու համար պետք է ինչ-որ մեկը բողոքի: Իսկ ես ինչքան գիտեմ, Հայաստանի կովերը գրել-կարդալ չգիտեն, կարող է Եվրոպայում գիտեն, բայց ՀՀ-ում չգիտեն: Երբ որ գրել-կարդալ կիմանան՝ եկեք նստենք, այդ օրենքի մասին խոսենք: Ինչ-որ մի ախմախ բանա, էլի, ես շատ գիտեմ:
-Նշեցիք, որ այդ օրենքը գյուղացիները չեն կիրառելու, իսկ ըստ Ձեզ, ի՞նչ օրենք է պետք գյուղացուն:
-Էդ օրենքը լինի, թե չլինի` գյուղացու վիճակը չի փոխվելու, այնպիսի օրենք պետք է արվի, որ գյուղացուն օգնենք: Իսկ գյուղացուն օգնելու համար… գյուղացուն փող է պետք: Գյուղացուն ոչ խորհուրդ է պետք ու չգիտեմ էլ ինչ… էդ մարդկանց մենակ փող է պետք, եթե մենք կարողանում ենք էդ մարդկանց փող տալ, ուրեմն կլուծվի խնդիրը: Իսկ եթե մենք առավոտից իրիկուն ընկնենք ասենք՝ վայ գյուղացիք, մենք ձեզ շատ ենք սիրում, սա ենք անում, նա ենք անում` անիմաստ է: Եթե մենք նրանց ֆինանսապես չենք օ•նում, կարող ենք ոչ մի գյուղացու հետ էլ չհանդիպել:
-Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել գործարարների հետ, որին Դուք եւս ներկա էիք: «Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, եւ բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի դուրս գան ստվերից: Մինչեւ հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն՝ իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,- նշել էր վարչապետը: Դուք հետեւո՞ւմ եք Հ. Աբրահամյանի հորդորին:
-Ինձ թվում է, որ եթե վարչապետն ասել է, ուրեմն դա կհաջողվի: Պետք է գա հուլիսի 1-ը, որպեսզի տեսնենք, թե ինչ է փոխվել, դեռ մի քանի օր կա:
-Իսկ Դուք ինքներդ հետեւո՞ւմ եք ՀՀ վարչապետի հորդորին, Ձեր դիտարկմամբ` միտում կա՞, գործարարները շարժվո՞ւմ են Հ. Աբրահամյանի մատնանշած ուղղությամբ:
-Ես ոչ մեկի ասելով էլ չեմ շարժվում, որովհետեւ ես միշտ էլ օրինական եմ աշխատել… եթե որոշել են, ուրեմն դա ընդհանուր ՀՀ-ին է վերաբերվում, պետք է անեն:
-Գործարար Խաչիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ առանց ստվերի աշխատելը «լավ չի ստացվում» իր մոտ: Ձեզ մո՞տ էլ նույն իրավիճակն է:
-Ես տենց չեմ կարծում: Կարելի է առանց ստվերի աշխատել, ուղղակի պետք է ընդհանուր բարեփոխումներ լինեն ե՛ւ հարկային դաշտում, ե՛ւ մաքասային դաշտում, ե՛ւ ընդհանուր վարկային ռեսուրսների հետ կապված, դրանք բոլորը միմյանց հետ փոխկապակցված են: Հիմա խոսք են տվել, որ դա էլ պետք է անեն, այսինքնª համ էն են ասել, համ էլ` էն:
-Փաստորեն ստացվում է, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին գործարարներն աշխատել են օրենքից դո՞ւրս:
-Ես չեմ կարող ասել, ու ընդհանրապես սիրուն չի, երբ որ մարդը չի աշխատում ու իր մասին կարծիք են հայտնում, ես դա չեմ ընդունում: Ես կարող եմ ասել, թե մենք ինչ պետք է անենք, որ լավ լինի: Եթե այդ բարեփոխումներն անենք, ապա մեր երկրում իսկապես մի լավ բան լինելու է:
-Ըստ Ձեզ, գործարարները պատրա±ստ են առանց ստվերի ու օրենքի տառին համապատասխան աշխատել:
-Դե, ով որ ստվերով է աշխատում՝ պետք է իրեն հարցնեք, ինձ հարցնում եք, որ ես ինչ ասեմ: Դուք ինձ հարց եք տալիս որպես պատգամավորի, ես էլ պատասխանում եմ:
-Դուք ներկա եք եղել գործարարների հանդիպմանը…
-Դե, ես ներկա եմ եղել, ես արդեն ասացի…. Ուղղակի մնում է` բոլորս տրված հանձնարարությունները կատարենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ