Ինչ հանգուցալուծում ունեցավ հայաստանյան քրեական «ռազբորկան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին վերածվել արյունահեղության, մոտեցան վերջնարդյունքին. կարելի է ասել` քրեական ռազբորկայի առաջին փուլն ավարտված է:

Անդրադարձ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ 25 օր առաջ Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող  «Ֆորում» ռեստորանում հավաքվել են մի քանի  «օրենքով գողեր»՝ Զապը, նրա եղբորորդին, Լենինականցի Սուրոն, Օշականցի Գեւորիկը եւ նրա եղբորորդին, Լյովիկը, Տույը: Հանդիպումը եղել է գիշերով, նույնիսկ շատ հեղինակություններ ու «օրենքով գողեր» տեղյակ չեն եղել այդ հանդիպումից: Ու որոշվել է, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը: Հանդիպման կայացմանը մեծապես նպաստել է մաֆիան՝ կառավարական մակարդակով:

Ինչ են խոսում կողմերը

Քանի որ «օրենքով գողեր»-ը իրավունք չունեն լրագրողների հետ հրապարակային շփումներ ունենալ, հարցազրույցներ տալ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց շրջապատի ներկայացուցիչների հետ ունեցած ուղիղ զրույցներից որոշ հատվածներ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ է եղել իրականում:

Տարբերակ 1

Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցները պնդում են, որ Գեւորիկ-Լյովիկ փոխհարաբերությունները կարգավորվել են նշված հանդիպման շրջանակներում՝ առանց ապտակի ու հայհոյանքի: «Եթե Լյովիկն ապտակ ուտող տղա լիներ, կհանդուժեր իրեն ապտակած Գեւորկին հենց առաջին օրը, չէր ծեծի նրան: Բայց նա իր թասիբի համար ծեծել է Գեւորիկին ու չէր կարող ապտակ ուտել՝ բարիշելու համար»,- ահա մոտավորապես այսպիսի պատճառաբանությամբ են հարցը փակված համարում Լյովիկի կողմնակիցները:

Ըստ նրանց՝ երբ Գեւորիկը հանդիպել է Լյովիկին, ձեռքով բարեւելու փոխարեն հարվածել է նրա ձեռքին: Նույնը նաեւ Տույի դեպքում: Այսինքն՝ Գեւորիկը Լյովիկից ու Տույից ՙստացել՚ է ավելի մեղմ տարբերակով: Վերջում նստել, միմյանց հետ հաց են կիսել ու պատմությունն ավարտվել է:

Տարբերակ 2

Օշականցի Գեւորիկի կողմնակիցները, ովքեր հակված էին հարցը լուծել առավել կոնֆլիկտային տարբերակով, հակառակն են պնդում, որ իսկապես հանդիպումը եղել է «Ֆորում»-ում, ներկաները նույն մարդիկ են, պարզապես երբ Գեւորիկը տեսել է Լյովիկին ու Տույին, մի ապտակ Լյովիկին է հասցրել, երկու ապտակ՝ Տույին: Ավելին՝ նաեւ հայհոյել է նրանց, որպեսզի որպես  «գող» չհեղինակազրկվի:  «Գեւորիկը լուրջ տղա է, նա չէր կարող ՙկուլ տալ՚ ծեծը: Ուղղակի սուտ տեղեկություններ են տարածում, թե հարցն առանց ապտակի է լուծվել: Նման բան չկա», – սա էլ Գեւորիկի կողմնակիցների մեկնաբանությունն է կատարվածի վերաբերյալ:

Զապը՝ Հուդա

Իսկ ահա «օրենքով գողեր»-ի  «թեւը» պնդում է, որ Զապն իրավունք չուներ ականջալուր լինել Սոչիից հնչած ինչ-որ զանգերի եւ գնար այդ հանդիպմանը:  «Եթե նա գնացել է այդ հանդիպմանը, ուրեմն մեր միջի Հուդան է, դավաճանը, որի հարցը դեռ առանձին քննարկման թեմա է »,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես ներկայացրեց քրեական հեղինակություններից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Կողմերը դեռ խաղաղ են

Թե այս պատմությունն իրականում ինչ նրբերանգներ ու ավարտ է ունեցել, դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում մութ բաներն ավելի շատ են: Բայց դատելով այն իրավիճակից, որ կողմերն առայժմ չեն շարունակում պատերազմը, նշանակում է՝բավարարված են՝  գոնե մասամբ:

Թամարա Միքայելյան

 




Լրահոս