ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քրոջս տղան 8 տարեկանից գտնվում է արտասահմանում եւ այնտեղի գրանցում ունի (Հայաստանի գրանցում չունի): Այժմ 22 տարեկան է, ցանկանում է գալ Հայաստան: Եթե իր քաղաքացիական անձնագրով գա Հայաստան, բանակի հետ խնդիրներ կունենա՞, թե՞ ոչ:

Ռոբերտ Բալյան, 50 տարեկան, ճարտարապետ


ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման, ինչպես նաեւ երկքաղաքացիության իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, որի պահանջների համաձայն` անչափահաս անձանց քաղաքացիությունը որոշվում է նրանց ծնողների քաղաքացիությամբ: Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում նաեւ այն անձինք, որոնք 1995թ. հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում են որպես ի սկզբանե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, իսկ որպես այդպիսին` ՀՀ զինապարտ եւ ենթակա պարտադիր զինվորական ծառայության` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Բալյանի քրոջ որդու կարգավիճակին, ապա հստակ պարզաբանում կարող է տրվել միայն նրա եւ նրա ծնողների քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:  

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ 22-ամյա երիտասարդին զինծառայության հետ կապված խնդիրն է հետաքրքրում: Ու չնայած ՀՀ պաշտպանության նախարարությունը հստակ չի ձեւակերպել Ռոբերտ Բալյանի զարմիկի անելիքը, բայց ակնհայտ է, որ այլ երկրի քաղաքացին ՀՀ զինված ուժեր ծառայության չի գնա:




Լրահոս