ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում:
Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ Ռուբեն Հայրապետյանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր համայնքներում մարզադաշտերի կառուցմամբ: Նա արդեն հասցրել է մարզադաշտեր կառուցել Շուշիում, Հադրութում եւ Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում մարզադաշտերի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են: Ի դեպ, նշենք, որ Ստեփանակերտում հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ջանքերով արդեն իսկ մարզադաշտ կառուցվել էր, սակայն արցախցիների խոսքով՝ այն Ռուբեն Հայրապետյանի սրտով չի եղել եւ նա որոշել է քանդել ու նորը կառուցել :
Տեղեկացանք նաեւ, որ Ռուբեն Հայրապետյանին կարելի է տեսնել ոչ միայն Ստեփանակերտի կենտրոնում, այլ նաեւ Շուշիում: ԼՂՀ մայրաքաղաքի բնակիչները շատ լավ գիտեին Հայրապետյանի եւ նրան ուղեկցող թիկնազորի մեքենաների գոլդ համարանիշերը:
Պարզվում է՝ բացի մարզադաշտեր կառուցելուց, այս ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաեւ Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել: Այն գտնվում է Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից: ՀՖՖ նախագահը իր առանձնատունը կառուցել է բավականին թաքնված եւ գողտրիկ մի անկյունում, որը հասարակ քաղաքացուն այդքան էլ տեսանելի չէ: «Ժողովուրդ»-ի ֆոտոխցիկը արձանագրել է նախկին պատգամավորի առանձնատուն տանող՝առայժմ քարուքանդ ճանապարհը, որը գործարարը քանդել է առավել հարմարավետ ճանապարհ կառուցելու նպատակով: Մեր այնտեղ լինելու պահին նկատեցինք , որ մի խումբ մարդիկ խողովակների մոնտաժման աշխատանքով էին զբաղված:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 2013թ-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո ստիպված եղավ հրաժարվել պատգամավորական մանդատից եւ դրանից հետո, բացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող հարցերից, Երեւանում այլ գործունեություն չի ծավալում: Փաստորեն` այժմ Ռ. Հայրապետյանը տեղափոխվել է Արցախ:
Քնար Մանուկյան Սոնա Գրիգորյան
Արցախ