Սերժ Սարգսյանի հոբելյանի միջազգային արձագանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի քաղաքական վերնախավում մեծ իրարանցում է. նախարարները, պաշտոնյաները, իշխանական պատգամավորները, օլիգարխները գլուխ են ջարդում, թե ինչ նվիրեն Սերժ Սարգսյանին նրա ծննդյան կապակցությամբ»,-գրում է ադրբեջանական vesti.az/news-ը՝ հիշատակելով, որ Հայաստանի նահագահը հունիսի 30-ին տոնում է իր 60-ամյակը:

Ռուսական լրատվամիջոցներից ռազմավարական գործընկերոջ ղեկավարի հոբելյանին արձագանքներն առայժմ ավելի քան համեստ են. հոբելյանների հետ կապված իր ավանդույթի համաձայն՝ lenta.ru-ն տեղադրել է Սերժ Սարգսյանի մանրամասն կենսագրությունը:

Ուկրաինական analitikaua.net-ը դեռևս 2 շաբաթ առաջ անդրադարձել էր Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի հանրային հեռուսատեսությանը տված հարզացրուցին, որում ՀՀ ղեկավարը խոստովանել էր, որ դեռևս իր ոչ բոլոր երազանքներն են կատարվել:

«Իմ 60-ամյակի կապակցությամբ ես չեմ կարող ասել, որ իմ բոլոր երազանքները կատարվել են: Այդ պատճառով ինձ մնում է միայն սպասել հաջորդ հոբելյանիս` 65-ամյակիս, որը ես կցանկանայի դիմավորել ազատ Արցախի, կայուն խաղաղության, արագ տեմպերով զարգացող Հայաստանի և արագ տեմպերով զարգացող ներգաղթի պայմաններում», – մեջբերում է պարբերականը Սերժ Սարգսյանի խոսքը:

Անդրադառնալով հայկական մամուլում տեղ գտած տեղեկություններին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը պատրաստվում է նշել Լեռնային Ղարաբաղում, vesti.az/news-ը պնդում է, որ Հայաստանի նախագահը նմանակում է իր ադրբեջանցի «գործընկերոջը» ` Իլհամ Ալիևին, որն իր 50-ամյա հոբելյանը «համեստորեն» նշել էր «մերձճակատային գոտում»:

Ադրբեջանցի հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը ևս կարող էր Սերժ Սարգսյանին նվեր մատուցել` հենց նրա 60-ամյակի օրը սկսելով «Լեռնային Ղարաբաղն ազատագրելու վաղուց սպասված ռազմական օպերացիան»:




Լրահոս