Դատարանը մերժել է փաստաբան Քրիստինե Ստեփանյանի հայցն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի, որով հայցվորը պահանջում էր վերացնել փաստաբանների պալատի խորհրդի՝ 05.12.2013թ. որոշումը:
Խորհուրդը որոշել էր փաստաբան Քրիստինե Ստեփանյանին մեղավոր ճանաչել՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 5.1.2 կետի և 5.2.1 կետի 1-ին ենթակետի պահանջների խախտման համար և ենթարկել կարգապահական տույժերի՝ խիստ նկատողություն, նաև որպես լրացուցիչ կարգապահական տույժ իր հաշվին մասնակցել «Դեոնթոլոգիա» թեմայով վերապատրաստման դասընթացի։
Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Ք.Ստեփանյանը հայտնեց, որ ինքը խնդրել էր դատարանին հետաձգել նիստը, սակայն վերջինս, առանց իրեն տեղյակ պահելու, գնացել էր խորհրդակցական սենյակ:
Հայցվորը հայցադիմումում նշել է, որ Պալատի խորհրդի բողոքարկվող որոշումով կոպտորեն ոտնահարվում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատորեն գնահատող դատողություններ անելու, նաև իր բացասական կարծիքն ազատորեն արտահայտելու իր հիմնարար իրավունքները։
Մինչդեռ պատասխանող կողմը հակադարձել է, որ «խոսքի ազատությունն անսահմանափակ իրավունք չէ, և կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է՝ պաշտպանելու այլ անձանց հեղինակությունը և իրավունքները»։ Պատասխանող կողմը ներկայացված պատասխանով խնդրել է դատարանին հայցն ամբողջությամբ մերժել։
Փաստաբան Ք.Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Տիգրան Մուրադյանի դիմումը:
Փաստաբան Ք.Ստեփանյանի կողմից «Փաստաբանության մասին» և «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» դրույթների պահանջների խախտման հատկանիշներով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Տիգրան Մուրադյանը եղել է կարգապահական գործը նախապատրաստող, կազմել է եզրակացություն, որի դեմ փաստաբան Քրիստինե Ստեփանյանը ներկայացրել է գրավոր առարկություններ։
Ըստ դիմողի՝ փաստաբան Քրիստինե Ստեփանյանն իր գրավոր ներկայացված առարկություններում դուրս է եկել կոռեկտության շրջանակներից և անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր նկատմամբ. առարկություններում տեղ են գտել իր պատիվն ու արժանապատվությունր նսեմացնող արտահայտություններ։
Խորհուրդը գտել է, որ փաստաբան Ստեփանյանը մեկ այլ փաստաբանի (վարույթը նախապատրաստող անձի) նկատմամբ դրսևորել է անքաղաքավարի վերաբերմունք և թույլ տվել արժանապատվությունը և փաստաբանի բարի համբավն արատավորող արտահայտություններ։
Դատարանն իր հերթին գտել է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումով հայցվորն իր կողմից նշված հանգամանքները չի հիմնավորել, հայցադիմումով չի նշվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 05.12.2013թ. որոշման վերացման հիմքերը։ Այսինքն՝ չի վկայակոչվել, թե ինչպիսի օրինադրույթների խախտում է թույլ տվել ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը վիճելի որոշումը կայացնելիս։
Դատարանը փաստել է, որ «ապացույցների հետազոտումից հետո փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` սույն պարագայում հայցվորը»։