ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը 2013թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել բջջային հեռախոս և նեթբուք համակարգիչ` տուժող Ա. Մ.-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի դրանից, Լեռնիկ Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել վերոհիշյալ մարզում գտնվող բնակարան, գաղտնի հափշտակել է նոթբուք տեսակի համակարգիչ` տուժող Գ.Գ.-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ երկու դրվագով գողություն կատարելու մեջ մեղադրվող Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: