ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ԹԱՍԻԲ» ՊԱՇՏՊԱՆԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ «Ժողովուրդ»-ն Ազգային ժողովում փորձեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի հարցեր ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին, վերջինս սկզբում պատասխանեց, թե համակարգը լավը չէ, ու փորձեց արագ քայլերով հեռանալ: Իսկ երբ շարունակեցինք նրան հարցեր ուղղել, հանկարծակի Գուլոյանի շուրջը հավաքվեցին մի խումբ ԲՀԿ-ականներ՝ Արայիկ Աղաբաբյանը, Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Աբրահամ Մանուկյանը, Հրանտ Դավթյանը եւ միահամուռ պատասխանեցին մեր հարցերին: Պատգամավորները, միմյանց հերթ չտալով, իրենց տեսակետն էին հայտնում ու ամեն կերպ փորձում համոզել, որ իրենք տեղյակ են համակարգի թերություններից եւ հենց իրենք են նախաձեռնել, որ այդ համակարգը «տապալվի»:

-Պարո՛ն Գուլոյան, ասացիք, որ Դուք դեմ եք պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը: Խնդրում եմ նշել, թե կոնկրետ ինչը Ձեզ դուր չի գալիս:

-Մեր կուսակցությունն արդեն ասել է:

-Դուք Ձեր անձնական կարծիքը չունե՞ք:

-Ո՞նց չունեմ, արդեն ասել ենք, մենք մեր կարծիքն ունենք, մենք միասին ենք: Կուսակցությունը քննարկել է այդ հարցն ու այդ որոշմանը եկել:

-Քննարկել եք, բայց ինչի՞ հիման վրա եք որոշել, որ Դուք դեմ եք, եւ այդ համակարգը լավը չէ:

-Բազմաթիվ խանգարող բաներ կան:
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

-Այս երկրին դեռեւս այդ համակարգը պետք չէ:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-35 տոկոս աղքատություն ունեցող երկրում կարելի՞ է կուտակային համակարգ բերել, սա ժամանակավրեպ գործ է:

-Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում անել:

-Առաջարկում ենք՝ գոնե մեկ տարի ժամանակով հետաձգվի (նույնը կողքից կրկնում են Հրանտ Դավթյանն ու Մելիք Մանուկյանը-Ս. Գ.):
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

-Տարվա ընթացքում էլ քննարկումներ գնան կամ պարտադիր բառը հանվի:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Ապրես, պետք է այդ պարտադիր բառը հանվի, այլ ելք չկա:

-Իսկ Դուք վստահություն ունե՞ք ՀՀ կառավարության հանդեպ, երաշխիք կա՞, որ այդ գումարները վերջում վերադարձվելու են ՀՀ քաղաքացուն:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Ստեղ վստահությունը դնում ենք մի կողմ, էսօր ժողովուրդը գումար չունի, որ տա: Էսօր քաղաքացին փող չունի, որ տա էդ համակարգին:
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

-Պարոն Գուլոյանը ճիշտ է ասում, վստահությունը մի հարց է (Մելիք Մանուկյանը, Հրանտ Դավթյանը կրկին միանում են` իհարկե ճիշտ է ասում-Ս. Գ.): Հլը դա էլ հարց է:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Որովհետեւ ոչ ոք չգիտի, թե 30-40 տարի հետո ինչ է տեղի ունենալու, էդ մեկ: Երկրորդն էլ՝ ժողովուրդն էդ գումարը չունի տալու:
-ԲՀԿ-ն հայտարարեց, որ բոյկոտելու է կառավարության նիստերը…
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Առայժմ չենք որոշել, հիմա կտեսնենք, թե նախագիծը ոնց կլինի, ոնց կանցնի, եթե մեծամասնությունը բոյկոտի, իհարկե մենք էլ մեր կողմից կանենք:

-Այնուամենայնիվ, արդյո՞ք Ձեր այս քննադատության միակ պատճառն այն չէ, որ ԲՀԿ-ն ցանկանում է տիրանալ վարչապետի «աթոռին»: Ի դեպ, նման տեսակետը բավական տարածված է:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-ԲՀԿ-ն ոչ մի աթոռի կարիք չունի:
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Երբեք նման հարցեր չեն հնչեցվել:
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

-Հարցը մեկն է. ժողովրդի շահերից բխող գործողություններ, մեզ համար կարեւոր չէ՝ ով կլինի վարչապետը, անձն այստեղ կարեւոր չէ: Մեր խնդիրն այն է, որ ժողովրդի վիճակը մի քիչ բարելավվի: Այսօր մեր միակ աշխատանքը կապված է դրա հետ, մենք, բացի ժողովրդից, այլ բանի մասին չենք մտածում:

-Բայց Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որեւէ հարցի չի խառնվում, որեւէ ակտիվություն չի ցուցաբերում: Որտե՞ղ է նա, Դուք հանդիպո՞ւմ եք նրա հետ:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Ամեն երեկո (հաստատում են մյուսներն ու հատկապես Աբրահամ Մանուկյանը-Ս. Գ.):
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Ամեն ինչ քննարկում ենք պարոն Ծառուկյանի հետ, խոսում ենք ամեն ինչից՝ կենցաղային հարցերից, քաղաքականությունից, ապագայից, ներկայից, երկրի վատ վիճակից:

Եվ ի՞նչ եզրակացության եք եկել:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Որոշում ենք, թե ինչ անենք, որ այս երկրի, ժողովրդի վիճակը բարելավվի, եզրակացությունն էլ այն է, որ դեմ ենք քվեարկելու կուտակային համակարգին:
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

-Եթե մենք ակտիվ ենք, նշանակում է, որ ինքն էլ է ակտիվ:
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

-Պարոն Ծառուկյանը, ի վերջո, կուսակցության նախագահ է, ունի թիմ, ունի խմբակցություն:

-Բայց Գ. Ծառուկյանն անձնապես զբաղվում է միայն սպորտի հարցերով:
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ

-Որովհետեւ ինքը ՀԱՕԿ նախագահն է: Պարոն Ծառուկյանը զբաղվում է բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկումներով, տարբեր խնդիրների լուծմամբ: Առավոտվանից մինչեւ ուշ երեկո տարբեր հարցեր ենք քննարկում, խնդիրներ լուծում: Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում:

 

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս