ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՎԵՐ ԱԳՆ-ԻՑ

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԳՆ-ն նոյեմբեր ամսվա ընթացքում գնել է միանգամից 3 մլն դրամ կամ 7.4 հազար դոլար արժողության կոնյակ: Բնականաբար, դա գնվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Մատակարարն էլ եղել է «Արտեքսիմ» ՍՊԸ-ն: Դատելով ԱԳՆ-ի գնած կոնյակների տեսակից՝ դրանք ձեռք են բերվել հյուրերին նվիրելու համար. եղել են հիմնականում կոլեկցիոն 30 տարեկան «Դվին»` հատը 47 հազար 800 դրամ, 20-ամյա «Նաիրի»` 41 հազար 550 դրամ, եւ 10-ամյա «Աղթամար»՝ 15 հազար 700 դրամ արժողության:

 

 

ՆՈՒՐԲ ԱԿՆԱՐԿ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին, Վլադիմիր Պուտինի այցից ոգեւորված, հայտարարել է, թե հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին: Երկրաչափությունից տարրական պատկերացում ունեցող ցանկացած անձ կարող է փաստել, որ կորը բարձրագույն կետին հասնելուց հետո սկսում է հակառակ ուղղությամբ իջնել: Ու Տ. Սարգսյանի այս հայտարարություններից հետո կարելի է եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերություններում կամաց-կամաց պետք է գրանցվի վատթարացում: Համենայնդեպս, այդ է հուշում կորի առանձնահատկությունը: Հետաքրքիր է, թե ինչ էր ակնարկում վարչապետը:

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵՑ

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի ելույթը երեկ զվարճացրել էր ոչ միայն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, այլեւ անգամ ՀՀԿ-ականներին, ու նրանք բուռն ծիծաղով պարբերաբար ընդհատում էին Հակոբյանին: Իսկ ուրախանում էին, որովհետեւ Հակոբյանը հայտարարեց. «ԱԺ չորս խմբակցությունները շատ ուրախացան, որ ես ամբիոնից ճշմարիտ բան եմ ասել (նա խոստովանել էր, որ ժողովուրդը դեմ է արտահայտվում ոչ թե կուտակային կենսաթոշակային համակարգին, այլ ՀՀԿ-ին, քանի որ չի սիրում նրանց-խմբ.): Շատ ուրախացան: Բայց ես կամ մենք ե՞րբ ենք սուտ ասել»: Հակոբյանի այս հայտարարության վրա սկսեցին ծիծաղել պատգամավորները, անգամ ԱԺ նախագահն ու նրա տեղակալները չէին կարողանում զսպել իրենց:

 

 

ՔԱՄԻՆ ԾԱՓ ՏԱ, ԴՈՒ ՊԱՐԻ

Երեկ ԱԺ պատգամավորների օգնականները խորհրդարանի միջանցքներում փնտրում էին իրենց պատգամավորներին, որպեսզի նրանց հանձնեին հարսանիքի հրավիրատոմս: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաբաթ օրն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի աղջկա հարսանեկան արարողությունն է տեղի ունենալու, որին հրավիրված են գրեթե բոլոր ՀՀԿ-ականները: Ինչպես նկատվում է, այս տարի ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաճախ է լինում հարսանքատներում:




Լրահոս