Փակ շուկայի աշխատանքները դադարեցված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Փակ շուկայի աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ: 




Լրահոս