«Ու մեզանից անկախ է դա տեղի ունենում: Այլ խնդիր է, որ մեր անվտանգությունը կապել միայն Ռուսաստանի հետ, այդքան էլ գուցե ճիշտ չէ: Այստեղ էլ դիվերսիֆիկացիա է պետք: Բայց դե կյանքն այդպես է, դա գալիս է դեռ հնուց` դեռեւս անկախացումից հետո: Սա մեզնից անկախ է տեղի ունեցել»:
Բարսեղ Բեգլարյան 168.am
Ինչպես ռուսը կասեր` ՊՏՋՌսՌ. արդեն օլիգարխն է կատարում տնտեսագիտական, նույնիսկ պատմական վերլուծություններ: Չէ՛, իհարկե, մի կողմից լավ է, որ մեր օլիգարխները մտածում են, տրամաբանում, նույնիսկ օգտագործում բարդ տերմիններ, ինչպես, օրինակ, «դիվերսիֆիկացիա», բայց ցանկալի կլիներ, որ տնտեսագիտական եւ «պատմական» «վերլուծություններն» էլ լինեին գոնե տրամաբանական, որ հավատացող լիներ դրանց, թե չէ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը չէր ուզում Մաքսային միությանը միանալ, ուղղակի այդպես ստացվեց, իշխանություններն ու օլիգարխներն էլ չէին ուզում ժողովրդին թալանել, ուղղակի ստացվեց:
«Ես այժմ նման հիմքեր չունեմ դա եզրակացնելու, իսկ եթե մեզ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ, մեղավորին պետք է փնտրենք մեր մեջ»:
Արմեն Դարբինյան 168.am
Նախկին վարչապետը եւ Հայ-ռուսական համալսարանի ներկայիս ռեկտորն այստեղ խոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի արդյունքների, նաեւ Հայաստանի նկատմամբ ՌԴ նախագահի վերաբերմունքի մասին, եւ այստեղ, նախկին պաշտոնյաների սովորության համաձայն, Դարբինյանը նույնպես անցնում է լուրջ դատողությունների եւ ինքնաքննադատության: Այո՛, իհարկե, մեղավորը մենք ենք, նայած թե այդ «մենք»-ը ով է` իշխանություննե՞րը, թե՞ ժողովուրդը: Ամեն դեպքում, եթե մեղավոր էլ ենք, կամ եթե Դարբինյանը նկատի ունի իշխանություններին, ինչո՞ւ այդ նույն մեղավորներին չէր փնտրում դեռ վարչապետ եղած ժամանակ:
«Տենց լավ չի, մի հատ էլ փե՛տ վեկալ, ընկի՛ հետեւներիցս»:
Հեղինե Բիշարյան
Սրանք իսկապես ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքերն են: Նա, տեսնելով, որ լրագրողները կրնկակոխ հետապնդում են իր քրոջ նորաթուխ պատգամավոր փեսային, այն աստիճան բարկացավ, որ էլ բառեր չգտավ իր ցասումն ու ատելությունն արտահայտելու եւ «բեսեդկային» բառապաշարով պոռթկաց: Իհարկե, նրա համար նման պոռթկումները նորություն չեն: Հիշո՞ւմ եք, որ նույն Բիշարյանը ամիսներ առաջ հայտարարեց, թե սիրում է տժժալ: Սակայն որոշ ժամանակ անց հետ վերցրեց իր խոսքը, ինչպես եղավ մարտի 1-ի դեպքերի մասին խոսելիս: Հետաքրքիր է. քանի՞ անգամ պետք է սխալվի, որ խոսելուց առաջ սկսի մտածել:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ