Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտահանումը, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Իրացնելով օպերատիվ տվյալները` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության և արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»,– ասել է Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը:
Մաքսային պահեստում զննման ենթարկելով փոստային ծանրոցը` ՆՀՎ աշխատակիցները մետաղյա պտուտակի հորիզոնական հատմամբ հայտնաբերել էին 2 կիլոգրամ 200 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ սուր հոտով մուգ շագանակագույն զանգված:
Մյուս դեպքով էլ էլեկտրական արդուկն էր թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել էին պոլիէթիլենով և փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ ընդհանուր քաշով՝ նույնպես ափիոնանման զանգված:
Վարչության պետի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ օրինախախտներն ամեն անգամ տարբեր հնարքներով և մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը։
«Մենք ևս անընդհատ կատարելագործում ենք հսկողական մեխանիզմները. պարբերաբար դիտարկում, վերլուծում ենք մաքսանենգության հնարավոր ուղիները և մեթոդները, որպեսզի համարժեք քայլերով կանխենք իրավախախտման փորձերը»,– ասել է նա:
Վահրամ Գուրողլյանը վստահեցնում է՝ սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում. անգամ աննշան կասկած հարուցող դեպքը հետևողական զննության է ենթարկվում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից։ «Փոստային առաքումների ուղին ևս գտնվում է մաքսային ուժեղացված հսկողության ներքո»,-հիշեցնում է ՆՀՎ պետը: