Ալմա Աթայի քազաքացիական դատարանը պարտավորեցրել է «Մարդ-լեգենդ» ամսագրի գլխավոր խմբագրին 13 մլն տենգե (ավելի քան 70 հազար դոլար) վճարել, տեղեկացնում է lenta.ru-ն:
Ամսագրի ապրիլյան համարը նվիրված է եղել Ադոլֆ Հիտլերի 125-ամյակին: Դատարանը պարտավորեցրել է Ժարիլկապ Կալիբային հրապարակային ներողություն խնդրել այդ հրապարակման համար: Սակայն ինքը` խմբագիրը, համաձայն չէ դատարանի որոշման հետ: Ամսագրում զետեղված է եղել հոդված «Հիտկերը ֆաշիստ չէ» վերտառությամբ, որն արդարացնում է նացիոնալ-սոցիալիստների պարագլխին:
Հիտլերին նվիրված համարին արձագանքել է Ղազախստանի արտգործնախարարությունը՝ նման հրապարակումներն անվանելով անընդունելի և ոչ ադեկվատ: Կապի և տեղեկատվության ազգային գործակալությունը հայտարարել է, որ սկանդալային համարում կան երկրի սահմանադրության և օրենսդրության խախտման տարրեր:
Ինքը, խմբագիրը հայտարարել է, որ ցանկացել է հանրության ուշադրությունը սևեռել Հիտլերի նման անձերից սպասվող սպառնալիքին: Նրա խոսքով, իր նապատակն էր «փրկել երկիրը հարևան երկրի` Ռուսաստանի ղեկավարների վտանգավոր քաղաքականությունից: