Հատուկ քննչական ծառայությունում դեկտեմբերի 2-ին ու 3-ին պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ: Ըստ տրամաբանության՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները:
Թեեւ ՀՀ կառավարության ղեկավարը, ՊԵԿ նախագահն ու էլի շատ հայրենի պաշտոնյաներ ամեն առիթով հայտարարում են, թե մտահոգված են մանր ու միջին բիզնեսի դաշտում առկա խնդիրներով, այնուամենայնիվ, իրականում քաղաքացիների դժգոհությունները հարկային ծառայության աշխատակիցներից բարձրակետին են հասնում: «Հարկայինները» հալածում են օրենքի դաշտում գործող գործարարներին՝ ըստ էության նրանց ստիպելով իրենց հետ գնալ «մութ գործարքների»:
Եվ այսպես, ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու՝ 2011թ. նոյեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ ոմն Վ.-ն եւ ինքնությունը չպարզված երկու այլ աշխատակիցներ իր կնոջ մորը պատկանող ավտոտնակում մանրածախ առեւտրով զբաղվելու համար վարչական պատասխանատվության չենթարկելու եւ ծառայության գծով հովանավորչության համար որպես կաշառք ամսական պահանջել են 60 000 ՀՀ դրամ: Հարկային տեսչության աշխատակիցներին չենթարկվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներն ապօրինի վարչության ակտ են կազմել իր նկատմամբ»:
«Ժողովուրդ»-ը փորձեց տառերի մակարդակից փոքր-ինչ ավելի ինֆորմացիա ստանալ Հատուկ քննչական ծառայությունից, սակայն այստեղ, պարզվում է, առավել կարեւոր գործեր ունեն, քան պաշտոնապես իրենց լիազորված պարտականությունները՝ հոդաբաշխ մտքերով պատասխանել լրագրողների հարցերին (ի դեպ, այս գործի համար նրանք վարձատրվում են ՀՀ պետբյուջեից): Եվ ահա լրատվական ծառայությունից հրաժարվեցին որեւէ բան հաղորդել՝ անգամ գործով անցնող անձանց անունները համարելով նախաքննական գաղտնիք:
«Ժողովուրդ»-ն էլ փորձեց «նախաքննական գաղտնիքը» բացահայտել այլ աղբյուրներից՝ զրուցելով, օրինակ, Կապանի հարկային ծառայության պետ Ռուբիկ Գեւորգյանի հետ: Ինչպես եւ սպասվում էր, նա ասաց, թե հանցագործության մասին հաղորդում ներկայացրած քաղաքացին շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Ռոբերտ Գալստյանն է: Ահա թե ինչու է ՀՔԾ-ն գերադասում հավելյալ տեղեկություններ չհայտնել: Գուցե ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը պայմանավորվելու հարցե՞ր ունի: Ի վերջո, անհնար է պատկերացնել, թե ինչպես են նյութեր նախապատրաստել եւ քրեական գործ հարուցել Գեւորգյանի ասած «հոգեկան հիվանդի» դիմումի հիման վրա: Նշանակում է՝ այստեղ առավել լուրջ «կռվի թեմա» կա:
Բայց մինչ այդ ներկայացնենք Ռուբիկ Գեւորգյանի հետ մեր զրույցը:
-Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները, ըստ ՀՔԾ-ի, քաղաքացի Ռոբերտ Գալստյանից կաշառք են պահանջել: Կասե՞ք, թե ով է հանդգնել այդ քայլին դիմել:
-Մենք նման աշխատակից չունենք: Դե հոգեկան հիվանդ է, էլի՛, այդ ընկերը: Այն, ինչ հրապարակվել է, իրականությանը չի համապատասխանում, իսկ այդ հաղորդում տված մարդն էլ հոգեբուժարանում գրանցված է: Ինչ-որ առեւտրով է զբաղվում ու միշտ էլ տենց բաներ է գրում, դե հոգեկան հիվանդ է ու դրանից էլ լավ է զգում:
-Բայց քրեական գործ է հարուցվել:
-Է՛, թող հարուցվի: Ի՞նչ է եղել: Իրավապահները քրեական գործը հարուցել են, իրենք էլ կպարզեն, ու արդյունքները կիմանանք:
-Այսինքն՝ նույնիսկ ՀՔԾ-ին լուրջ չեք վերաբերում: Դուք՝ որպես Կապանի հարկային ծառայության ղեկավար, բացառո՞ւմ եք, որ Ձեր տարածքային հարկային տեսչության աշխատակիցները կարող են կաշառք վերցնել:
-Մենք նրանց առաջ նման խնդիր չենք դրել, ու նման բան չի եղել:
-Որքանով հասկացանք, հարուցված քրեական գործը Ձեզ չի զարմացնում, եւ, առհասարակ, Դուք վախենալու բան չունեք:
-Վախենալու շատ բան ունեմ: Ասենք՝ փողոցից քարը պոկվի, ընկնի գլխիս կամ, ասենք, երկրաշարժ լինի, բայց այս հարցում վախենալու բան չունեմ: Դե հարկայինի աշխատողներն աշխատում են, դրա համար էլ նրանց անունը շատ է երեւում:
-Միգուցե հակառակն է, ու այս ամենը վատ աշխատելու եւ մարդկանց սնանկացման ճանապարհը ցույց տալու կրկնվող դեպքե՞րն են: Նույնիսկ կարծիք կա, որ հարկայինի աշխատակիցներին ՀՀ քաղաքացիներն ավելի են «ատում», քան ոստիկաններին ու դատախազներին:
-Ես իրավասու չեմ այդ հարցը մեկնաբանել:
«Ժողովուրդ»-ը փորձեց գտնել Ռոբերտ Գալստյանին, սակայն առայժմ դա մեզ չհաջողվեց:
Ինչեւէ, սա միակ դեպքը չէ, որտեղ «գլխավոր դերում» ՀՀ ՊԵԿ-ն է: ՀՔԾ-ն երեկ հայտարարեց, թե ՊԵԿ-ից ստացված նյութերով քրեական գործ է հարուցվել. «Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երեւան չվերթի ուղեւորներ, Երեւան քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Ավետիսյան եղբայրները, օգտվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետի եւ նույն բաժանմունքի տեսուչների կողմից անձնական այլ շահագրգռվածությամբ իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, նրանց օժանդակությամբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «կարմիր ուղի», ընթացակարգով առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել են թվով 30 «iPhone 5S, 16 GB» մակնիշի, թվով 17 «Sony xperia Z» մակնիշի եւ թվով 5 «Sony xperia Z1» մակնիշի բջջային հեռախոսներ, պլանշետային եւ խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին»:
Այս գործով ձերբակալվել են եղբայրներ Արթուր եւ Արմեն Ավետիսյանները: Իսկ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետն ու նրա աշխատակիցները, որոնք օժանդակել են հանցանքին, առայժմ ազատության մեջ են: Ու դժվար չէ կանխատեսել, որ գուցե երբեք էլ չպատժվեն, քանի որ ՊԵԿ նախագահն իր աշխատակիցներին հաճախ է «ջրից չոր դուրս բերում»:
Բայց միայն սա չէ այս հաղորդման «մեխը»: Քանի որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը համարվում է մեր երկրի գլխավոր օլիգարխը, ուստի նաեւ գործարար ընկերներ ունի՝ ի դեմս Սամվել Ալեքսանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի, հետեւաբար չի բացառվում, որ եղբայրները, 52 հեռախոս ու աքսեսուարներ բերելով, պարզապես վնասել են դաշտի մենաշնորհատերերին: Ի վերջո, վաղուց հայտնի ճշմարտություն է, որ մեր երկրում հեռախոս ներկրելու մենաշնորհը հովանավորվում է ՊԵԿ-ի կողմից: Այնպես որ, ՊԵԿ-ի երեկվա հաղորդումը միանգամայն «տրամաբանական» է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՍԿՎՈՒՄ Է
Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեն Աբովյան քաղաքում մանր բիզնեսով զբաղվող մարդկանց բողոքի ակցիայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՊԵԿ-ը պատրաստակամ է երկխոսել հարկ վճարողի հետ` օրենքի սահմաններում եւ կառուցողական երկխոսության հարթակում: Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ ՊԵԿ-ը հատկապես վերջին մի քանի տարում, նպատակային ու հետեւողական քայլերով բարձրացրել է հարկ վճարողին մատուցվող ծառայությունների որակը` այն համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհում ընդունված չափանիշներին:
Հիշեցնենք, որ օրերս Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վահագն Սահակյանի գործելաոճից Աբովյան քաղաքի մանր բիզնեսով զբաղվող քաղաքացիները բողոքում են: Սահակյանի աշխատանքի արդյունքում Աբովյանում արդեն մի քանի տասնյակ խանութներ են փակվել: Այս պատճառով էլ բողոքողները պահանջում են Սահակյանի հրաժարականը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ արդեն երկու օր է, ինչ Սահակյանի աշխատասենյակը ողջ օրվա ընթացքում հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից: