ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարի 18 տարին լրացած երիտասարդներին բանակ տանելու գործընթացը հագեցրել է անակնկալներով: Նախ` վիճակահանությամբ են ընտրվում զորամասերը, բացի այդ` հենց նույն օրը ծնողներին չի ասվում, թե գոնե որ մարզում են ծառայելու տղաները:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեցին Էրեբունի վարչական շրջանի մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնեցին, թե Էրեբունու զինկոմիսարիատից իրենց տղաներին տարել են անհայտ ուղղությամբ. «Մեր երեխաներին ասել են, թե դեկտեմբերի 1-ին կներկայանաք զինկոմիսարիատ, ու մենք էլ` որպես ծնող, գնացել ենք զինկոմիսարիատի մոտ, սպասել, որ հասկանանք, թե որտեղ պետք է ծառայելու գնան մեր երեխաները, բայց այդպես էլ չասացին: Նրանց նստեցրին մեքենաներն ու տարան: Մեզ էլ ասացին, թե վաղը կգաք զինկոմիսարիատ, նոր կիմանաք, թե որտեղ են ծառայելու երեխաները»: Ի՞նչն է գաղտնապահության պատճառը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինկոմիսարիատներում այդ ամենն անում են անվտանգությունից ելնելով. «Անցած տարվանից արդեն հրապարակավ չեն հայտարարում, թե որ զինվորը որտեղ է գնալու ծառայության, քանի որ ինֆորմացիայից օգտվում էր հակառակորդը եւ հաշվում, թե տարեկան որտեղ ինչքան զինվոր գնաց ծառայելու: Ուստի հիմա ամեն ինչ արվում է «ներքին կարգով»»:
Իսկ ի՞նչն է ստիպել զինվորների ծառայության վայրը վիճակահանության միջոցով անցկացնելու կարգ կիրառել՝ երիտասարդներին առաջարկելով նախապես բաժանված խմբերով մոտենալ տարբեր արկղերի եւ թերթիկ քաշել: ՊՆ-ն այլեւս չի՞ վստահում գեներալներին ու գնդապետերին, որոնք որոշում էին, թե որ զինվորը որտեղ պետք է գնա ծառայության, թե՞ պարզապես նման «թափանցիկությամբ» առավել հեշտ է ցանկալի զինվորներին ցանկալի զորամասեր տեղավորելու գործընթացը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` այս կարգն առավել թափանցիկ է. «Զինվորները հավաքվելու են կենտրոնական հավաքակայանում: Լինելու է հանձնաժողով: Տղաները խումբ-խումբ մտնելու են, քաշելու են թուղթը, ու բոլորը միանգամից ցույց են տալու, եւ այդ պահին էլ ամրագրվելու է, թե ով որտեղ է գնալու ծառայության: Ավելին, ամեն ինչ նկարահանվելու է, որպեսզի ծնողները տեսնեն, որ ամեն ինչ արդար է»:
Այսպիսով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փորձում է տարիներ շարունակ ձեւավորված ավանդույթները փոխել ՊՆ-ում: Իսկ թե որքանով կհաջողվի ՊՆ գեներալների գործունեությունը վերաթարմացնել ու դադարեցնել մեկ զանգով զինվորների ճակատագիրը որոշելու արատավոր բարքերը, ապագան ցույց կտա:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԵՆՔ Է
ՀԱՓՇՏԱԿԵԼ
Երեւան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Սարգիս Ապրեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ռեակտիվ հրետանային մարտկոցի հաշվարկի նշանառու, կոչումով շարքային, 2013թ. հունիսի 10-ին, օգտվելով այն հանգամանքից, որ զորամասի հերթապահ մասում միայնակ է, իսկ զորամասի հերթապահի բանալիները եւ կնիքը գտնվում են իր մոտ, գաղտնի բացել է հերթապահ մասում տեղադրված ատրճանակների զինաբուրգը եւ այնտեղից հափշտակել մեկ հատ ՊՄ տեսակի ատրճանակ փամփշտակալով եւ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ: Բացի այդ` Ս. Ապրեյանը 2013թ. մայիսի 25-ին ուրիշի գույքին տիրանալու նպատակով պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Գրիգոր Ղազարյանին պատկանող առանձնատուն եւ այնտեղից հափշտակել 153 հազար դրամ արժողությամբ ոգելից խմիչքներ:
Ս. Ապրեյանը կալանավորված է եւ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի (զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողությունը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով, բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:
Իսկ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Աշոտ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի պահեստի պետ, կոչումով ենթասպա, 2013թ. հունիսի 9-10-ը, ընդգրկված լինելով զորամասի վերակարգում որպես զորամասի հերթապահ, խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 291-րդ հոդվածը, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, պատշաճ չի կազմակերպել օրվա պահակախմբի մեջ ընդգրկված ժամկետային զինծառայող Գեղամ Կարապետյանին զենք տրամադրելու գործընթացը, որի հետեւանքով ծառայության շահերին պատճառվել է էական վնաս, խախտվել է ներքին ծառայության իրականացման սահմանված կարգը, իսկ շարքային Սարգիս Ապրեյանն իրական հնարավորություն է ունեցել կատարել զորամասի շտաբում տեղակայված զինաբուրգից ատրճանակի` փամփշտակալով եւ 8 հատ փամփուշտների հափշտակությունը: Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 376-րդ հոդվածի 1-ին մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում, հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 10-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ