ԱՄՆ գաղտնի նամակագրության հերթական փաստաթուղթը, որը հրապարկվել է «Վիկիլիքս»-ի կողմից, հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: ԱՄՆ Պետդեպին ուղարկված վերջինիս տեղեկագիրը պատմում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու կոչված փաստահավաք խմբի ստեղծման մասին: Փաստաթղթում ամփոփված են խմբի ստեղծման նախապատմության մանրամասնությունները, ընդդիմադիր եւ միջազգային գործիչների կարծիքները: Զեկուցագրի մեկնաբանություններում տեղ են գտել նաեւ ԱՄՆ դեսպանի տեսակետները ստեղծված խմբի հնարավոր գործունեության մասին:
Այսպես, Յովանովիչը տեղեկացնում է. «Սերժ Սարգսյանը հատուկ հրաման է արձակել անկախ փորձագետների՝ 5 անդամ ունեցող խումբ ստեղծելու մասին, որը պետք է աջակցի մարտի 1-2-ի անկարգությունների բացահայտման համար ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Նախագահական հրահանգը ենթադրում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը եւ ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն» կուսակցությունը պետք է իրենց կողմից նշանակեն 1-ական անդամ՝ ընդդիմության շահերը ներկայացնելու համար: Իսկ կառավարող կոալիցիան իր հերթին է նշանակելու մյուս երկու անդամներին: Հինգերորդը պետք է ներկայացվի ՄԻՊ Արմեն Հարությունյանի կողմից»: Դեսպանի ուշադրության կենտրոնում են գտնվել հրամանի առանցքային հետեւյալ դրույթները՝ խմբի անդամները պետք է ունենան արդարադատական փորձառնություն, չունենան ուղղակի կապ կուսակցությունների հետ եւ չլինեն ԱԺ պատգամավորներ կամ կառավարության ներկայացուցիչներ: Մարի Յովանովիչը հստակեցնում է, որ խմբի իրականացրած հետաքննություններին կարող են մասնակից դառնալ նաեւ միջազգային փորձագետները, իսկ աշխատանքները ֆինանսավորվելու էին ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեից:
ԱՄՆ դիվանագետը նկատում է, որ խումբը հնարավորություն է ունենալու անարգել կերպով տեղեկություններ ստանալ պետական եւ տեղական կառավարական մարմիններից, հարցաքննել իրադարձությունների զարգացման մեջ ակտիվ եւ կարեւոր դերակատարություն ունեցած մարդկանց, եթե նրանք, իհարկե, համաձայն են: Այստեղ նախկին դեսպանը հատուկ ընդգծում է, որ այս դրույթը կարծես բացառում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հարցաքննությունը, քանզի նրան, ըստ էության, բացի հարկադիր միջոցից, հարցաքննելու այլ եղանակ չկա: Հավելենք, որ խմբի գործունեության արդյունքն էլ ինքնին ցույց տվեց, որ առանց դեպքերի ամենակարկառուն դերակատար Ռ. Քոչարյանի հարցաքննության, այդպես էլ ուղղակիորեն չբացահայտվեց, թե ով էր տվել անզեն ցուցարարների վրա կրակելու հրամանը:
Մ. Յովանովիչը ներկայացրել է նաեւ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի կարծիքը ձեւավորվող խմբի մասին, ըստ որի` խումբը իդեալական չէ, բայց բավարար կարող է լինել նախնական աշխատանքների համար: Անդրադարձ կատարելով ընդդիմության շրջանում խմբի ստեղծման հետ կապված մտավախություններին՝ ամերիկացի դիվանագետը նշում է «երկու վիճահարույց հանգամանք` 1) միջազգային ներկայացուցիչների ներգրավման հնարավորության բացակայությունը եւ 2) հանձնախմբի գործունեության դրակոնյան գաղտնիությունը»: Շեշտելով միջազգային դերակատարների՝ խորհրդատվական մակարդակով ներկայացվածության հանգամանքը` դեսպանը պարզաբանում է, որ անգամ այդ խնդիրն է դժվարությամբ լուծվել: Հեղինակը մեջբերում է Եվրոպայի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի խոսքը, թե իշխանությունների հետ հանդիպումներում ինքը պնդել է միջազգային փորձագետներին խմբի աշխատանքներին մասնակից դարձնելու վրա, սակայն նրանց` խորհրդատվական գործառույթից այն կողմ հնարավոր չի եղել անցնել: Հիշեցնենք, որ խմբի ստեղծման առթիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս ասել էր. «Պայմանավորված էր, որ պետք է համամասնորեն 1/3-ը լիներ Սերժ Սարգսյանի կողմից, 1/3-ը` իմ, մյուս 1/3-ը` Եվրոխորհրդի փորձագետների: Հիմա դա չկա»: Վշտացած լինելով միջազգային մասնագետների միայն խորհրդականության մակարդակի ներգրավումով` դեսպանը պնդում է. «Ավելի լավ կլիներ, որ նրանք ունենային լիիրավ անդամություն»:
Իշխանությունների՝ միջազգային փորձագետներին չներգրավելու քայլերը, ըստ էության, հետապնդում էին խմբի հետ ըստ կամեցածի վարվելու նպատակ, քանզի, համաձայնե՛ք, բավական բարդ կլիներ առանց որեւէ հիմնավոր բացատրության ցրել միջազգային փորձագետների մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խումբը, ինչը որ արվեց փաստահավաք խմբի դեպքում:
Դեսպան Յովանովիչը նկատում է, որ խմբի գործունեության գաղտնիության վիճահարույց կետի շուրջ տեսակետները նույնիսկ ընդդիմության մեջ են տարբերվում: ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը եւ ժառանգական Զարուհի Փոստանջյանը հայտարարել են, որ գաղտնիության դրույթը կարող է իշխանությունների համար լծակ հանդիսանալ խմբի վրա ճնշումներ գործադրելու առումով: Իսկ ահա «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ամերիկացիներին տեղեկացրել է, որ «գաղտնիությունը հավանաբար այնքան էլ վատ տարբերակ չէ, քանի որ իրերի դրությունն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է, եւ գաղտնիության ամենաիրական նպատակն է վկաներին պաշտպանելը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների վրեժխնդրությունից»:
Ամփոփելով իր զեկուցագիրը` Մարի Յովանովիչը կարծիք է հայտնում. «Խմբի ստեղծումն առավելապես դրական զարգացում է ենթադրում: Եթե ընդդիմադիրները միանան խմբին, այն բավականին հաջող աշխատանք կարող է կատարել: Այն կունենա քաղաքական հավասարակշռություն, հավելյալ ժամանակ եւ աշխատանքային անհրաժեշտ ռեսուրսներ մանրամասն ու ոչ հրապարակային հարցաքննություններ իրականացնել վկաների հետ»: Թե ինչով ավարտվեց այդ փաստահավաք խմբի աշխատանքը, հայտնի է բոլորիս: Առայժմ անհայտ է, թե ուր կորան խմբի գրասենյակի չհրկիզվող պահարանում հավաքագրված նյութերը: Հնարավոր է` այդ մասին տեղեկանանք «Վիկիլիքս»-ի հետագա բացահայտումներում:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ