Երեկ Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցեց մրցաշարը հյուրընկալող երկրի՝ Թուրքիայի ընտրանու հետ եւ հաղթեց 3:1 հաշվով: Հանդիպեցին նաեւ Ուկրաինա-Եգիպտոս, Ռուսաստան-Հոլանդիա, Չինաստան-Ադրբեջան, ԱՄՆ-Գերմանիա զույգերը։
Իսկ նախորդ՝ 6-րդ տուրում հայ գրոսմայստերները եւս մեկ թիմային դիմակայություն էին տանուլ տվել՝ 1-3 հաշվով զիջելով Եվրոպայի նախկին չեմպիոն գերմանացիներին՝ դրանով իսկ ավելի բարդացնելով հաջողության հասնելու հեռանկարը ոչ թե չեմպիոնության, այլ ընդհանրապես մեդալների համար մղվող պայքարում: Ճիշտ է, մրցաշարի առաջատար Ուկրաինայի հավաքականը նույնպես սայթաքեց՝ պարտվելով Հոլանդիայի թիմին, սակայն ուկրաինացիները շարունակում են 10 միավորով զբաղեցնել առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ տեղն զբաղեցնող Ռուսաստանի հավաքականն առաջատարին զիջում է մեկ միավորով։ Հաջորդ տեղերում 8-ական միավորով Հոլանդիան ու Չինաստանն են, 6-ական միավորով՝ ԱՄՆ-ը, Հայաստան-ը եւ Գերմանիան: Ադրբեջանը 5 միավորով ութերորդն է, Թուրքիան 2 միավորով՝ 9-րդը: Աղյուսակն առանց միավորների եզրափակում է Եգիպտոսի ընտրանին:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ