ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին որոշ  քաղաքական գործիչներ  հայտարարեցին, որ  Մաշտոցի այգու  համար պայքարող երիտասարդ բնապահպաններն ինչ-ինչ ուժերի շահերն են սպասարկում: Թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ եթե անգամ այդպիսի բան էլ կա, ապա դրանից մեր հասարակությունն ու քաղաքը միանշանակորեն շահում են, ու եթե  այդ ուժերի շահերի սպասարկման գործընթացում  բնապահպաններին հաջողվեր ազատագրել նաեւ Օղակաձեւ զբոսայգին,  ապա կեցցեն այդ ուժերը:  Իսկ եթե ավելի լուրջ, իրականում ոչ թե բնապահպաններն են փորձում  քաղաքական խնդիրների մեջ մտնել, այլ հակառակը` տարբեր քաղաքական  գործիչներ են փորձում  երիտասարդ  բնապահպանների դափնիներն իրենց վերագրել: Դրա ամենավառ օրինակը Հանրային խորհրդում օրերս կայացած քննարկումն էր, որի ընթացքում խորհրդի նախագահի եւ որոշ անդամների ունեցած ելույթների թե՛ տոնայնությունը եւ թե՛ բովանդակությունն այնպիսին էր, ասես  հենց նրանք էին  օրեր շարունակ Մաշտոցի այգում  սառչում` կռիվ տալով ոստիկանության դեմ: Մասնավորապես Վազգեն Մանուկյանն այնքան վրդովված ու  պաթոսով էր խոսում, որ մի պահ թվաց, թե  96 թիվն է:   Ափսոս, որ  նրան, լիարժեք վրդովվելու համար, այնքան ժամանակ պահանջվեց, մինչեւ քաղաքապետարանն այգում տաղավարների շինարարությունն ավարտեց: Սակայն եթե Մանուկյանի ելույթը կարելի է ընկալել իբրեւ անցած քաղաքական օրերի նոստալգիկ դրսեւորում (քանի որ նա հայտարարել է, որ այլեւս  չի առաջադրվելու), ապա Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի անսպասելի քաղաքացիական պոռթկումը  ակնհայտորեն զերծ չէր քաղաքական  ենթատեքստից: Նա  Երեւանի գլխավոր ճարտարապետին խորհուրդ տվեց փոխհատուցում առաջարկել տաղավարների տերերին` խոստովանելով, որ ինքը «միամիտ մարդ չէ» եւ գիտի, թե ինչ է ասում: Ինչ խոսք, Խոսրով Հարությունյանը, ով Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի սեփականատերն է, լավ գիտի, թե ինչպես է պետք մարդկանց «փոխհատուցել»: Բայց որ նա նաեւ մտահոգվում է  բնապահպանական խնդիրներով, այ դա արդեն նորություն է: Հետաքրքիր է, պարոն Հարությունյանը հենց այդ մտահոգություններից ելնելո՞վ է  Ստ. Շահումյանի դպրոցի հետնամասում` շենքերի արանքում, խցկել իր  հսկայական էլիտար  բազմահարկ շենքը,  թե՞ բնապահպանական  մտահոգությունները նա  առավելապես  դրսեւորում է սեփական քարհանքերում: Ինչեւէ: Նկատենք, որ  սա առաջին դեպքը չէ, երբ խորհուրդը փորձում է տեր կանգնել երիտասարդ ակտիվիստների պայքարի պտուղներին: Այդպես էր նաեւ «Կինո Մոսկվա»-ի ամառային  դահլիճի, «Ուսանողական այգու», օտարալեզու դպրոցների, կառավարության շենքի թմբուկի կառուցման եւ  Թռչկանի ջրվեժի  խնդիրների դեպքում: Հանրային կարծիքի խոսափողը լինելու առաքելությունը ստանձնած այս մարմինը երբեք ինքնուրույն չի նախաձեռնում, այլ սպասում է, որ հանրային դժգոհությունը հասունանա, որպեսզի այն կա՛մ ցրի, կա՛մ էլ տեր կանգնի դափնիներին:
Հ.Գ. Ի դեպ, խորհուրդը երեկ ամփոփել է իր մեկ տարվա կատարած աշխատանքի արդյունքները, ավելի ճիշտ` դրանց բացակայությունը:




Լրահոս