ՄԵՂՐԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՄԱՅԱՆԱԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սյունիքի մարզի հետագա ճակատագրի շուրջ բնապահպանների ահազանգերին՝ կառավարությունը շարունակում է քար անտարբերություն ցուցաբերել: Քարասարի եւ Պրիխրեբտովոյե ոսկու հանքերեւակումներում որոնողագնահատողական աշխատանքներ կատարող հայ-ռուսական «ԱՏ մետալս» ընկերությունը շուրջ 7 ամիս է, ինչ Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան է կառուցում: Բնապահպանները զգուշացնում են` եթե չկասեցվեն Մեղրու շրջանում տրված հանքշահագործման թույլտվությունները, ապա մի քանի տարվա ընթացքում Մեղրի գետը նույնպես կդառնա պոչանքով եւ հանքարդյունաբերական մյուս թափոններով թունավորված, ձկնատեսակներն անվերադարձ կորցրած մի կոյուղի: Չհաշված շրջակա միջավայրին եւ բնակչությանը պատճառած վնասները:

«ԱՏ մետալս» ՍՊԸ-ն հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է, որը 2013թ. ընթացքում Հայաստանում կատարել է 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Ըստ «Ատ մետալս»-ի աշխատանքային նախագծի` Քարասարի հանքերեւակումը գտնվում է Լիճք եւ Տաշտուն գյուղերից 3-5 կմ դեպի հյուսիս-արեւելք, իսկ Քաջարան քաղաքից` 10 կմ հեռավորության վրա: Պրիխրեբտովոյե ոսկու հանքերեւակումը գտնվում է Լիճք գյուղից 8 կմ հյուսիս՝ Մեղրու լեռնաշղթայի կատարային մասում: Ձեռնարկությունը նախատեսում է կազմակերպել փորձնական ոսկու եւ բազմամետաղային հանքաքարի արդյունահանում բաց եղանակով եւ վերամշակում: Փորձարարական գործարանը կառուցվում է Տաշտունի վարչական տարածքում՝ բաց հանքից 7.5 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արեւելք:
«Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը տեղեկացրեց, որ 2012թ. «ԱՏ մետալս»-ը Տաշտուն գյուղում հասարակական լսում է կազմակերպել: Նրա պատմելով՝ լսումներից 4 ամիս անց ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Տաշտունի գյուղատնտեսական 2,155 հեկտար հողերի նշանակության փոփոխությանը` այդ հողատարածքներին տրամադրելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության կատեգորիա` հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար: Ինչ վերաբերում է հողամասի աճուրդ-վաճառքին, ապա Հ. Սանասարյանը պնդեց, որ այն կատարվել է փակ դռների հետեւում, այն դեպքում, երբ հայտարարության մեջ նշված չի եղել, որ աճուրդը փակ է լինելու. «Այդ աճուրդ կոչվածին մասնակցել է երեք հոգի, որոնցից մեկը Տաշտունի համայնքապետ Հենրիկ Գաբրիելյանն է: Որոշման մեջ գրված է, որ հողամասը ձեռք բերելու համար հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է «ԱՏ մետալս»-ը»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ հանձնաժողովի անդամները չեն էլ պատկերացնում, թե Տաշտուն գյուղի տարածքում` Մեղրու բնակավայրերի «տանիքում», հանքաքարի վերամշակման գործարանի, այսինքն` պոչանք գոյացնող գործարանի կառուցումն ինչ կործանարար հետեւանքներ կունենա այդ շրջանի համար: Սակայն երկարամյա փորձ ունեցող բնապահպանին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ եզրակացության տակ ստորագրողները պետական կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող մասնագետներ են՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը եւ նույն հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանը, որը նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալն է:
Բացի նշված պաշտոնյաներից՝ «Ատ մետալս»-ի հարցում ոգեւորված է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս, որի համար նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Հետագայում վերամշակման արդյունքում առաջացած պոչերն ընկերությունը կկիրառի շինարարության, ապակու ձուլման եւ այլ բնագավառներում: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ մետալս» ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013-2014թթ. թողարկել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչեւ 2,2 մլրդ դրամի»,-այս տարվա մայիսին հայտարարել էր նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն ահազանգել էր ոստիկանության Մեղրու բաժին` տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում շինարարության աշխղեկից պահանջել է շինթույլտվության եւ այլ փաստաթղթեր, սակայն նա հրաժարվել է դրանք ներկայացնել: Հաջորդ օրը ոստիկանության Կապանի բաժնից Մեղրու բաժին է ստացվել Հակոբ Սանասարյանի դիմումը` նույն խնդրի հետ կապված: Հաղորդումների հիման վրա Մեղրու բաժնում, հետո Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրգործ: Որոշ ժամանակ անց, սակայն, քրգործը մերժվել է` պատճառաբանությամբ, որ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել Տաշտուն համայնքի հողամասը եւ կառուցապատման համար ստացել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Իսկ 2013թ. հուլիսի 11-ին «ԱՏ մետալս» ՍՊԸ-ում իրականացրած ուսումնասիրության արդյունքում բնապահպանական պետական տեսչությունը կայացրել էր ընկերության համապատասխան գործունեության դադարեցման որոշում: Սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը բնապահպանության նախարարություն ներկայացրել է Տաշտունի փորձարարական լեռնահարստացման համալիրի աշխատանքային նախագիծը, ինչից հետո էլ շարունակել է իր գործունեությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ատ մետալս»-ի ներկայացուցիչ Հարութ Հովհաննիսյանը հայտարարեց. «Ամեն ինչ, ինչ արվում է, օրենքի սահմաններում է: Ավելին չեմ կարող ասել: Ամեն ինչի թույլտվությունն էլ կա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս