ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) Գերմանիայում քիթը վիրահատելուց եւ թարմ մտքեր ծնելուց հետո վերջնական որոշում է կայացրել առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հաջորդ խորհրդարանում գործարարները ներկայացված չեն լինելու, բայց, ինչպես միշտ, իրականությունն այլ է:
-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք անընդհատ հայտարարում էիք, որ եթե բնակչությունը ցանկանա, այդ դեպքում նոր կառաջադրեք Ձեր թեկնածությունը: Հիմա ո՞նց համոզվեցիք, որ բնակչությունը ցանկանում էր, որ Դուք առաջադրվեք:
-Այո՛, ես ասել եմ, որ եթե ժողովուրդը ցանկանա, կդնեմ: Հիմա էլ համոզվել եմ, որ ցանկանում ա, ես էլ դնում եմ:
-Ո՞նց համոզվեցիք, որ ցանկանում է:
-Որովհետեւ եկան, ինձ ասեցին` պարո՛ն Ալեքսանյան, Դուք պետք ա պարտադիր լինեք մեր համայնքի դեպուտատը: Ի՞նչ անեի:
-Ովքե՞ր, ի՞նչ շրջանակներից են Ձեզ մոտ եկել եւ ասել, որ հենց Դուք պետք է դնեք Ձեր թեկնածությունը:
-Ժողովուրդը, ցավդ տանեմ, ովքե՞ր պիտի գային ասեին: Մեր համայնքի ժողովուրդը, մեր համայնքապետը, համայնքի ավագանիները, էդ նույն ժողովուրդը չե՞ն իրանք:
-Այսինքն` Ձեր թիմակիցների հորդորներով Դուք պատրաստվում եք առաջադրվել: Եւ այդ նույն ընտրատարածքում Ձեր դեմ կպայքարի նաեւ Ձեր հայրենակից Աղասի Արշակյանը: Չե՞ք վախենում, որ կարող է պարտվեք:
-Ես ոչ մեկից չեմ վախում, ցավդ տանեմ: Օրենքով սահմանված ձեւ կա, թույլատրվում է, որ ով ուզի, կարող է առաջադրվել: Թող դնի:
-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մյուս ընտրատարածքում էլ Ձեր փեսային եք ուզում առաջադրել: Այո՞:
-Այո՛, Նահապետյան Կորյունն է առաջադրվում:
-Այսինքն` մյուս ընտրատարածքն էլ եք «բրոնյա» արել:
-Բրոնյա չենք արել, ժողովուրդն ա արել: Ուզում են, էդ մարդն էլ դնում ա:
-Բայց չէ՞ որ այդ ընտրատարածքն էլ Ձեր քավորինն է` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանինը: Չի՞ նեղանա, մտավախություն չունե՞ք հարաբերություններ փչացնել:
-Քավորս չի ուզում էլ դնի հիմա:
-Ինչո՞ւ, տեղյա՞կ եք:
-Քավորս ֆռֆռում է հիմա Բաթումիներով, Օդեսաներով: Լրիվ տուրիստ ա դառել:
-Դուք իր հետ խոսել եք եւ ճշտել, որ նա այլեւս չի՞ ուզում պատգամավոր դառնալ:
-Ինքը չի ուզում, չէ՛, ինքը չի նեղանա: Ինքը ինչի՞ պիտի նեղանա ինձնից:
-Դե որ իր ընտրատարածքից այլ մարդու եք կրկին փորձում պատգամավոր դարձնել, դրա համար:
-Ցավդ տանեմ, ինքը չի ուզում դնի, էլի: Ինքը հիմա ասում ա. «Ես հերիք ա աշխատեմ, դուք աշխատեք, ես ֆռֆռամ»:
-Այնուամենայնիվ, Դուք երկար ժամանակ պատգամավոր եք: Օրենսդրական քանի՞ նախաձեռնություն եք արել վերջին տարիներին:
-Լիքը-լիքը:
-Կհիշե՞ք, մեկ կամ երկուսն ասե՛ք` վերնագրերը:
-Մեկ-երկուսը հիմա ո՞նց ասեմ: Արել եմ էլի…
-Ոչ մի բան չե՞ք հիշում:
-Չէ՛:
-Բայց Վիկտոր Դալլաքյանի հետ մի ժամանակ նախաձեռնել էիք մանկապիղծներին ամորձատելու մասին օրենքը: Դա՞ էլ չեք հիշում:
-Հա՛, Վիկտոր Դալլաքյանի հետ էլ կարեւոր օրենքներ ենք գրել: Տարբեր մարդկանց հետ արել եմ, չեմ հիշում:
-Շարունակելո՞ւ եք այդ օրինագծի վրա աշխատել:
-Անպայման, անպայման ակտիվ աշխատելու եմ: Բիզնեսը թարգել եմ, քաղաքականությամբ եմ զբաղվելու:
-Հիմա կարո՞ղ ենք Ձեզ արդեն քաղաքական հարցեր տալ:
-Կարաք, խի՞ չեք կարա:
-Սկսե՞նք:
-Չէ’, ընտրվեմ, հետո:
-Դուք հայտարարել էիք, թե Ձեր կինն է հովանավորել, որ գնացել եք Գերմանիա` վիրահատվելու: Արդեն այդքան հարո՞ւստ է Ձեր կինը:
-Հիմա վիրահատության փո՞ղ էլ չունենա: Կինս էդքան աշխատում է:
-Դուք նրան չե՞ք օգնել, որ «Երեւան սիթի»-ները կայանան:
-Որ ժամանակին բիզնես էի անում, օգնել եմ, բայց հիմա ես բիզնես չեմ անում, ինքն ա անում:
-Իսկ Ձեր բիզնեսներն ի՞նչ եք արել, ո՞ւմ եք տվել:
-Կնոջս, ինքն ա զբաղվում, ես բիզնեսով չեմ զբաղվում:
-Միայնակ հասցնո՞ւմ է ամբողջ գործը:
-Հա՛: Շատ էլ լավ:
-Իսկ չե՞ք փոշմանել, որ բիզնես կյանքը` իր ողջ հետաքրքրությամբ, թողել ու մտնում եք քաղաքականություն, որտեղ դատարկություն է:
-Ես հոգնել եմ էդ բիզնեսից, 14 տարեկանից աշխատում եմ: Հլը մի հատ հաշվե՛ք` քանի տարի եմ աշխատել: Մեղք եմ:
«14 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ, ՀՈԳՆԵԼ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ