ՃՆՇՈՒՄ ՆԵՐՍԻՑ ՈՒ ԴՐՍԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական կրքերը երեկ եռում էին ոչ միայն ԱԺ դահլիճում, այլեւ խորհրդարանի պատերից դուրս:
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն առաջարկում էր անցում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, երեկ քննարկվեց ԱԺ-ի մոտ ՀՅԴ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանրահավաքի ուղեկցությամբ: Ընդ որում, թեեւ հանրահավաքի պաշտոնական կազմակերպիչը ՀՅԴ-ն էր, սակայն ակցիայի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը Կոնգրեսի անդամներն էին: Ու թեեւ համամասնական ընտրակարգի գաղափարը համախմբել է գրեթե ողջ քաղաքական դաշտին, սակայն ՀՅԴ, Կոնգրեսի ու նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության անդամներից բացի, մյուս կուսակցություններից ԱԺ-ի մոտ չկային ներկայացուցիչներ: Անգամ այս հարցում համեմատաբար մեծ ակտիվություն դրսեւորող «Ժառանգություն»-ը կամ «Ազատ դեմոկրատներ»-ը ներկայացված չէին: Միայն ակցիայի սկզբում` մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ցուցարարներին` ՀՅԴ-ականներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ միասին:
Ի դեպ, բավական ուշագրավ էր հանրահավաքի մասնակիցների պահվածքը. ՀՅԴ-ականներն՝ իրենց դրոշներով, «քվեն ուժ է» շարժման շապիկներով, կանգնած երգում էին դաշնակցական երգեր, նաեւ` վանկարկում «համամասնական», «ո՛չ մեծամասնականին», «ամոթ»: Իսկ Կոնգրեսի ներկայացուցիչները գերազանցապես վանկարկում էին շարժման կարգախոսները. «ազատ, անկախ, Հայաստան», «պայքար, պայքար մինչեւ վերջ»` նաեւ պահելով մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող ու համամասնական ընտրակարգի վերաբերյալ ցուցապաստառներ: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ լայն կոնսենսուս է ձեւավորվում այս հարցի շուրջ, իսկ դա տեղի է ունեցել, քանի որ հասարակությունը, քաղաքական ուժերը հասկանում են` ընտրակեղծիքներով ստեղծված Հայաստանը դատապարտված, կործանված Հայաստան է: Հարցին` կոճակային մեծամասնություն ունեցող խորհրդարանից կարելի՞ է ակնկալել այս հարցի դրական լուծում, նա նշեց. «Եթե ՀՀԿ-ն համառում է, նշանակում է` մարտահրավեր է ուղարկում, եւ մենք դա ընդունում ենք: Սա պատասխան է հասարակությանը, պատասխան է քաղաքական ուժերին: Դա էլ ենք ընդունում: Եւ գիտենք` ինչ ենք անելու»:
Ինչ վերաբերում է խորհրդարանի դահլիճում ընթացող քննարկումներին, ապա իշխանական թեւը` ի դեմս ՀՀԿ-ի, դիմադրում էր ընդդիմության նախաձեռնությանը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքերով` ընտրախախտումներ կարող են լինել ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգի դեպքում: Բացի այդ, Դ.Հարությունյանը երեկ ուշագրավ խոստովանություն արեց. քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում ձեւավորվում է հենց մեծամասնականով ընտրված պատգամավորների շնորհիվ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսքանից հետո եզրակացրեց.  «Այդ արտահայտությամբ Հարությունյանը փաստորեն խոստովանեց, որ ԱԺ-ում մեծամասնություն լինելու են ներկայիս իշխանությունները, եւ Հայաստանում առանց արյունահեղության իշխանության հասնել հնարավոր չէ»: Ըստ նրա` այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ թե օրենսդիրն է ձեւավորում գործադիր իշխանություն, այլ գործադիրն է ձեւավորում ԱԺ-ն: Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով` նույնացվել են կուսակցություն, իշխանություն, պետություն հասկացությունները: Ռուստամյանի կարծիքով` մեծամասնական ընտրակարգով  ընդդիմությունը պարտվում է ոչ թե գաղափարներին ու ծրագրերին, այլ բացառապես ֆինանսական ու վարչական ռեսուրսին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ այսքանից հետո իշխանություններին խորհուրդ տվեց` եթե այդքան վստահ են իրենց ուժերին, թող փորձեն մեծամասնություն կազմել նաեւ համամասնական ընտրակարգով: Ի դեպ, ԱԺ-ում ուշագրավ էր նաեւ ԲՀԿ դիրքորոշումը. Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցության որոշմամբ` իրենց պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում եւ կվարվեն իրենց խղճի թելադրանքով: Բայց նաեւ հիշեցրեց, որ ԲՀԿ ծրագրում ամրագրված է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու դրույթը: Մինչդեռ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը դեմ արտահայտվեց հենց համամասնական ընտրակարգին` ասելով, թե այդպես խորհրդարանը կդառնա բացառապես երեւանցիներից կազմված: Նաիրա Զոհրաբյանը որպես փոխզիջում առաջարկեց նվազեցնել համամասնական տեղերը` 41-ը դարձնելով 21: Նա նաեւ առաջարկեց խորհրդատվական հանրաքվե անցկացնել` այս հարցում պարզելու համար հասարակության դիրքորոշումը: Ամեն դեպքում, ըստ նրա, «եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքական մոտիվացիայով առաջնորդվող խորհրդարան, եթե մենք ուզում ենք ունենալ կայացած քաղաքական ուժեր, ապա դրա ճանապարհը մեկն է` 100% համամասնական ընտրակարգի աստիճանական անցումը»:
Ինչեւէ, համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ԸՕ փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի այսօր: Ընդ որում, ՀՅԴ-ի եւ Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր` ժամը 12-ից, կրկին կհավաքվեն խորհրդարանի մոտ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս