Արդեն քանի օր շարունակ հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղը: Ըստ տարածված տեղեկությունների` գյուղապետ, ՀՀԿ-ական Ազատ Ղուկասյանը, որը գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, բռնաբարել է նույն դպրոցում սովորող 14-ամյա մի աղջկա` Անժելա անունով: Գյուղապետի արարքը բացահայտել են դպրոցի աշակերտները եւ տեղյակ պահել Անժելայի ծնողներին: Գյուղի բնակիչների պնդմամբ` աղջիկը մտավոր հետամնաց է:
«Ժողովուրդ»-ը զրուցել է գյուղացիների հետ, որոնք ամեն կերպ խուսափում են ներկայանալ կամ էլ որեւէ բան խոսել կատարվածի մասին: Ըստ մեր զրուցակիցների` դպրոցի աշակերտուհիներից 14 տարեկան Նելլի անունով մի աղջիկ է դռան անցքից տեսել, թե ինչպես է գյուղապետը սեռական գործողություններ կատարում: Պատմում են նաեւ, որ Անժելան ծնողներին ոչ մի բան չի ասել կատարվածի վերաբերյալ, նրանք աղջկանից ստիպողաբար են տեղեկացել, թե իրականում ինչ է կատարվել:
Գյուղացիները նշում են, որ երկար տարիներ է, ինչ ճանաչում են գյուղապետին, եւ երբեք չէին պատկերացնի, որ Ղուկասյանը նման քայլի է ընդունակ: «Տենց բան չենք կարա ասենք, գիտենք, որ խելոք մարդ ա, նորմալ մարդ ա, ի՞նչ կարանք ասենք: Հիմա էն դարն ա, որ մեկի մասին մի բան հաստատ չես կարա ասես, ի՞նչ իմանաս` նման բան արել ա, թե չէ: Հիմա հարցնում եք, ասում եք` ի՞նչ տիպի մարդ ա, գյուղապետ ա` ո՛չ լավն ենք տեսել, ո՛չ էլ վատը: Բայց էդ առումով բան չգիտենք, ուղղակի մի բան կարող ենք ասել, որ եթե նման բան ա արել, իրան պիտի ամենավերջին ձեւով պատժեն: Էս ի՞նչ ա դառել մեր երկիրը, որ դպրոցում էրեխեքին բռնաբարում են, մենք վաղը պիտի վախենալով մեր էրեխեքին դպրոց ուղարկենք` մտածելով, որ կարող ա ընդեղ դասատուները բռնաբարե՞ն»,-վրդովված ասաց Հարթաշենի բնակիչ 45-ամյա Նորիկը:
Հարթաշենցիները նշեցին նաեւ, որ լավ են ճանաչում Անժելայի ընտանիքի անդամներին եւ գիտեն, որ շատ լավ ընտանիք է: «Նորմալ ընտանիք են, ոչ մեկի գործին չեն խառնվում, ապրում են իրենց կյանքով, իրենք, ինչքան գիտենք, շատ վատ են տանում էդ խայտառակությունը, ուղղակի հլը սպասում են, տեսնեն` ի վերջո, միլիցեքն ի՞նչ են բացահայտելու: Գյուղացիների հետ էլ չեն խոսում, չեն ուզում շփվեն, դե էդ հասկանալի ա, որովհետեւ գյուղը փոքր ա, ու սաղ իմացել են` չհաշված, որ արդեն սաղ տելեվիզրով, բանով դրա մասին են հաղորդում, մտնում ես ինտերնետ, սաղ դրա մասին են պատմում, բա էս էլ իրանց համար շատ ցավալի ա»,-ասաց Հարթաշենի 55-ամյա մի բնակիչ, ով չցանկացավ նշել իր անունը:
Ի դեպ, այս դեպքից հետո գյուղի բնակիչները շատ են վրդովվել եւ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք շատ են ցանկանում, որպեսզի ոստիկանությունը բացահայտի` արդյոք գյուղապետը նման քայլի դիմել է, թե ոչ: «Մանուկ էրեխեքին մխտռում են, բա ամոթ չի՞, էս ո՞ր երկրում ենք ապրում, մենակ էդ չէինք լսել, էդ էլ լսեցինք: Չենք ուզում հավատալ, որ տենց բան ա եղել, բայց եթե նման բան ա եղել, թող պատժեն, մեկին որ պատժեն, մյուս անգամ տենց բան չի կրկնվի»,-վրդովված ասաց գյուղացիներից մեկը:
Տեղեկացանք, որ դպրոցում բոլորը` աշակերտներից սկսած մինչեւ տնօրեն, վախենում են այդ թեմայով խոսել: Չեն խոսում նաեւ 14-ամյա աղջնակի ծնողները` ամեն կերպ խուսափելով լրատվամիջոցների հետ շփումից: Վերջիններիս հետ մեզ եւս չհաջողվեց զրուցել, քանի որ նրանց հեռախոսահամարներն անհասանելի էին: Ամեն կերպ լրագրողներից խուսափում են նաեւ 14-ամյա աղջկա հարազատ-բարեկամները` ասելով, որ իրենք ոչնչից տեղյակ չեն եւ չեն կարող կոնկրետ որեւէ բան ասել:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հենց բռնաբարության մեջ մեղադրվող Հարթաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Ազատ Ղուկասյանից: Վերջինս ասաց, որ գտնվում է ոստիկանությունում, եւ իրեն հարմար չէ երկար զրուցել. «Ոչ մեկը չի կարա ասի, թե ինչ ա եղել, ինչ չի եղել, հետագա ընթացքում կերեւա, բայց ես… ինչ էլ որ եղել ա, չի եղել, դա զրպարտություն է, սխալ մեղադրանք ա, ես Ձեզ կարամ 100 տոկոսով ասեմ եւ համոզված ասում եմ, վերջ» եւ անջատեց հեռախոսը: Մենք զանգահարեցինք կրկին` եւս մի քանի հարց ուղղելու համար, սակայն նա ասաց. «Ես հիմա զբաղված եմ, ոստիկանությունում եմ, հա՛, ես ձեզ ասեցի, հո ամեն մեկի ասածին չե՞ն հավատում: Սպասե՛ք, ամեն ինչ երեւալու ա, խնդրում եմ, էլ ինձ չանհանգստացնեք»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ոստիկանությունում Ղուկասյանը որեւէ բան չի խոստովանել, նրան կրկին կանչելու են հարցաքննության:
ԳՅՈՒՂԱՊԵՏ-ՈՒՍՈՒՑԻՉԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ